Հայաստանյան 16 հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, որում դատապարտել են ապրիլի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա իրագործված հարձակումը, ինչպես նաև օրեր առաջ Գյումրիում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դեմ անցկացված բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ հարձակումների պատճառ էին հանդիսացել ադրբեջանական «Ստոպ» ֆիլմերի փառատոնի անցկացման նպատակով տարածքների տրամադրումը: Փառատոնի կազմակերպիչն էր Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը և իրավապաշտպան Գեորգի Վանյանը, որի նկատմամբ Գյումրիում բռնություն էին կիրառել:
«Ակնհայտ է, որ այս երկու ոչ խաղաղ ցույցերը եղել են կազմակերպված և ուղղորդված, ինչի հաստատումն է փառատոնը չանցկացնելու մասին տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների հորդորները Գյումրում և բողոքի ակցիան կազմակերպված անցկացնելու համար ոստիկանությանն ուղղված շնորհակալական ուղերձները Վանաձորում: Նման երևույթները թույլ են տալիս եզրահանգել, որ այդ ցույցերն առնվազն հովանավորվել են իշխանությունների կողմից», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ ցանկացած ոտնձգություն և պահանջում են, որպեսզի պետությունը կատարի իր պարտականությունները և Հայաստանի Հանրապետությունում ապահովի անձանց միավորումների ազատության, կարծիքի ու արտահայտման ազատության իրավունքները:
Այս սկզբունքներից ելնելով` կազմակերպությունները կոչ են անում.
– բացահայտել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դեմ նախապես պլանավորած բռնության գործադրմամբ ակցիայի կազմակերպիչներին և հասարակական կարգը խախտող անձանց և նրանց արարքին տալով համապատասխան իրավական որակում` ենթարկել պատասխանատվության
– բացահայտել անգործություն ցուցաբերած իրավապահ համակարգի աշխատակիցներին և նրանց արարքին տալով համապատասխան իրավական որակում` ենթարկել պատասխանատվության-
– ապահովել ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների անվտանգությունը` իրենց իրավապաշտպան գործունեությունից բխող վտանգներից, ինչպես նաև չօգտագործել մտացածին պատրվակներ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով:
Հայտարարության տակ ստորագրել են` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, «Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ, «Հույս» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ: