Թիվ 5 ընտարատարածքի (ընդգրկում է Երևանի Դավթաշեն թաղամասը) 5/09 տեղամասի ցուցակներում միանգամից երկու 6 համարի շենք է ներառված:
Այդ 6-րդ շենքերից մեկն ունի 54 բնակարան, մյուսը` 36: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Դավթաշենի Հայ Ազգային Կոնգրեսի շտաբի համակարգող Սաթենիկ Խաչատրյանը` նշելով, որ իրականում 2-րդ 6 համարի շենքը գոյություն չունի:
«Դավթաշենի 3-րդ թաղամասի նույն 5/09 ընտրատեղամասում քվեարկելու է նաև ինչ-որ 2-րդ շենք` 72 բնակարանով: Դավթաշենի երրորդ թաղամասը երբևիցե չի ունեցել 2-րդ շենք: Սա արդեն երկրորդ խախտումն է նույն տեղամասում: Դավթաշենում ապրում եմ 25 տարի` այնտեղ 2-րդ շենք երբևէ չի եղել, կա միայն 2/1 հասցե, դա «Սթար» սուպերմարկետն է, ուրիշ ոչինչ: 5/10 տեղամասում գոյություն ունի 3-րդ թաղի 30 համարի շենք, որը գտնվում է Փիրումյանների փողոցի վրա և ունի 60 բնակարան: Այն քվեարկում է 5/10 տեղամասում, սակայն 5/08 տեղամասում հայտնաբերվել է ևս մի 30 համարի շենք, որը իբրև թե ունի 72 բնակարան: Ես նաև ոստիկանությունից պահանջելու եմ, եթե դրանք բնակելի շենքեր են, ուրեմն կան բնակիչներ և բնականաբար աբոնենտ են` պիտի օգտվեն լույսից, ջրից, գազից հեռախոսից, պետք է կումունալ պայմաններ ունենան, ուրեմն թող ինձ տրամադրեն այդ փաստերը, թե էդ մոտ 400-500 բնակիչը ինչ կոմունալ պայմաններից են օգտվում և նրանց հեռախոսահամարները», – ասել է Սաթենիկ Խաչատրյանը:
Նա նշել է, որ կա ևս մեկ խնդիր. շենքերից մեկը 72 բնակարան ունի, որոնց կեսը գրանցված են Տիգրան Պետրոսյան հասցեում, մյուս կեսը` որպես 3-րդ թաղի 18 շենք:
Խաչատրյանի խոսքով` հնարավոր է, որ դա հին ու նոր հասցեների խնդիր լինի և այժմ իրենք ևս ստուգում են դա:
Նշենք, որ 5-րդ ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու են առաջադրվել Արթուր Գևորգյանը` ՀՀԿ-ից, Հովհաննես Հովհաննիսյանը` Հայաստանի լիբերալ կուսակցությունից, որին սատարում է ՀԱԿ-ը, և անկուսակցական Սուրեն Սիրունյանը: