Իտալական Կազորիա քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը ի նշան «պետական ինստիտուտների անտարբերության» դեմ բողոքի իր պատկերասրահի հավաքածուից մի կտավ է այրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես բացատրել է թանգարանի տնօրեն Անտոնիո Մանֆրեդին, այսկերպ նա փորձում է իշխանությունների ուշադրությունը հրավիրել ժամանակակից արվեստում առկա խնդիրներին, ինչպես տեղական, այնպես էլ պետական մակարդակով: Նա նաև փորձում է այսկերպ ֆինանսավորման աղբյուր գտնել իր թանգարանի համար:
Տնօրենի ակցիայի առաջին «զոհը» ֆրանսիացի նկարիչ Սեվերինա Բուրգինյոնի կտավն էր, որը Մանֆրեդին այրել է երեքշաբթի երեկոյան թանգարանի գլխավոր մուտքի առջև: Կտավի հեղինակը հետևում էր իր ստեղծագործության ոչնչացմանը համացանցի միջոցով: Նա նախապես տվել էր իր համաձայնությունը:
Ինչպես նշում է TMNews գործակալությունը, այս բողոքի ակցիան կշարունակվի, եթե իշխանությունները չարձագանքեն թանգարանի ղեկավարի այս մարտահրավերին: