Այսօր Մեծամոր քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է նախորդ դարի 90-ական թվականներին Հայաստանում ատոմակայան կառուցելու ծրագրերի առկայության մասին:
Իր ելույթի սկզբում նա նաև հայտարարել է, որ իր համար մեծ հաճույք է հանդես գալ նման ինտելեկտուալ, մտավոր լսարանի առջև: Հիշեցնենք, որ Մեծամորում տեղակայված է Հայաստանի ատոմակայանը, և քաղաքի բնակիչները աշխատում են այնտեղ:
«Ես կեղծիք չեմ անում, որովհետև ատոմակայանն այնպիսի բարձրագույն տեխնոլոգիա է, որին տիրապետելը մեծ հպարտություն է ներշնչում: Ատոմակայանի վերագործարկումը ոչ միայն էներգետիկ խնդրի լուծում էր, այլ մի շատ կարևոր փաստարկ էլ ունեինք՝ այս ինտելեկտուալ հարստությունը չի կարելի կորցնել: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաներին, և դրանցից մեկը Հայաստանն է: Շատ մեծ դժվարությամբ կարողացանք այդ թույլտվությունը ստանալ: Եվրոբանկի հետ, ԵՄ-ի… շատ լուրջ խոչընդոտներ էին հարուցում, ոչ մի կերպ չէին ուզում վերագործարկել այս ատոմակայանը: Մենք երկու փաստարկ օգտագործեցինք: Մենք ունենք մասնագտեների հզոր թիմ, որը կարող է ապահով կերպով վերագործարկել և աշխատեցնել ատոմակայանը, և երկրորդ փաստարկը ինչն էր, եթե այդքան դեմ եք՝ ուրեմն պետք է Հայաստանին վճարեք 5 միլիարդ դոլար, որ մենք ատոմակայանը բացելու փոխարեն կարողանանք գազ և մազութ ներկրել ու օգտագործել մեր էներգետիկ հոգսերի համար: Ատոմակայանի վերագործարկումը իսկապես Հայաստանի համար փրկություն եղավ», – ասել Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը նշել է, որ 1995 թվականից Հայաստանը շատ լուրջ բանակցություններ է վարել Ֆրանսիայի հետ նոր ատոմակայան կառուցելու համար, և Ժակ Շիրակն անձամբ իր վրա է վերցրել այդ գործը: ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցել երկու ռեակտոր՝ յուրաքանչյուրը 600 մեգավատտ հզորությամբ: Նախագծի գինն է եղել 2 միլիարդ:
«Շիրակն ինքը երաշխիքներ էր տալիս Եվրոպայի վերակառուցման բանկին այդ վարկը ստանալու համար: Ավելին` քանի որ մեր մասնագետները ավելի ռուսական տեխնոլոգիաներին էին ծանոթ, ես խնդրեցի` կարելի է արդյոք համատեղել ռուսական և ֆրանսիական տեխնոլոգիաները, այդ համաձայնությունն էլ կայացվեց: Ես զանգեցի Ելցինին, Ելցինը տվեց իր համաձայնությունը: Ռեակտորը պետք է լիներ ռուսական, մնացած ապահովության համակարգը, էներգիայի մշակման համակարգը պիտի կառուցեին ֆրանսիացիները: Երկու միլիարդը մեծ գումար չէր, և ասում եմ՝ աշխարհը պատրաստ էր դա մեզ տրամադրել այդ ժամանակ: Հիմա ես կասեմ՝ այդ գումարը կար էլ, դրանից շատ ավելի, որ հետագայում մսխվեց այս իշխանությունների կողմից: Վեց-յոթ տարում խոստանում էին կառուցել այդ ատոմակայանը: 95 թվին էինք սկսել: Նախագծման աշխատանքները պետք է ավարտվեին 97-ին, որից հետո սկսվեր կառուցման աշխատանքը: 98-ի փետրվարին ես դուրս եկա իմ պաշտոնից, և այս ծրագիրը մեռավ: Հիմա սրանք իրենց իշխանության գալու առաջին օրվանից, իրենք էլ սկսեցին խոսել, որ նոր ատոմակայան են կառուցելու: Սերժ Սարգսյանի նախորդ ընտրությունների ծրագրում դա կար: Դա ներկայացնում էր որպես մի հրաշք, ինչպես Մեղրիից Երևան եկող երկաթուղին՝ Իրան-Մեղրի Երևան: Էս հեքիաթներով կերակրեցին ժողովրդին 4-5 տարի, հիմա նորից հեքիաթներով 4-5 տարի ուզում են մնալ իշխանության: Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք մեր այս իշխանավորները և իրենց հենարանը հանդիսացող օլիգարխները միլիարդներ կողոպտեցին, թալանեցին մեր ժողովրդից: Ռոբերտ Քոչարյանի հանճարեղ գաղափարով սկսեցին Երևանում հսկայական երկնաքերեր կառուցել և դրանով հպարտանում էր, տալիս էր երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներ և այլն: Հիմա ինչ եղան այդ երկնաքերերը` դատարկություն բացարձակապես: Միայն այդ շենքերի վրա ծախսած գումարը բավական էր Հայաստանում երկու ատոմակայան կառուցելու», – ասել է Տեր-Պետրոսյանը: