Home / Հայաստան / Միասնական շտաբը պակասեց մեկ անդամով. «Ժառանգությունը» նիստին չէր ներկայացրել

Միասնական շտաբը պակասեց մեկ անդամով. «Ժառանգությունը» նիստին չէր ներկայացրել

Այսօր ընտրությունների հանրային վերահսողության միասնական շտաբի երրորդ լիագումար նիստի ընթացքում կուսակցությունների կողմից ներկայացվել ու հաստատվել են հանրային վերահսկողության շտաբի անդամները: Հիշեցնենք, որ շտաբի մեջ են մտնում 4 քաղաքական ուժեր` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն»:

ՀԱԿ-ը ներկայացրել է ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանին, ԲՀԿ-ն՝ Վահե էնֆիաջյանին, իսկ ՀՅԴ-ն շտաբում կներկայացնի Համլետ Աբրահամյանը, ով այսօրվա նիստին չի մասնակցել: ՀՅԴ-ն նշել է, որ Աբրահամյանի բացակայության դեպքում նրան կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:

Նիստին ներկա չեն եղել նաև «Ժառանգության» կուսակցության անդամները, ինչի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը.

«Ես զրուցել եմ  Խաչատուր Քոքոբելյանի (Ժառանգության ցուցակի 2-րդ համար) հետ, ով նշել էր, որ նման խնդիր չկա ու իրենք մասնակցելու են, պարզապես նրանք գտնում են, որ պետք է մասնակցեն կուսակցությունների ղեկավարները: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը հայտարարել են, որ իրենք լիազորել են իրենց ներկայացուցիչներին, ուստի, ինձ թվում է, որ «Ժառանգությունը» պետք է բավարարվեր այսքանով: Այսօր մենք նիստ ենք հրավիրում, ինչո՞ւ պետք է նրանք չմասնակցեն», – ասել է Հովհաննիսյանն ու հավելել, որ իրենք հարգում ենք «Ժառանգությանը» ու եթե այսօր դեռ չեն որոշել, թե  ո՞ւմ են ներկայացնելու շտաբում իրենց կուսակցությունից, ապա ժամանակ ունեն մտածելու:

Հովհաննիսյանը հայտարարել է, որ միասնական շտաբի աշխատանքը, չնայած շրջանառվող լուրերին, իմիտացիոն բնույթ չի կրում:

Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» պահանջում է, որ շտաբի աշխատանքների մասին հայտարարության տակ լինեն բոլոր կուսակցությունների ղեկավարների ստորագրությունները:

ՀՅԴ խմբակցության ներկայացվուցիչ Արմեն Ռուստամյանն էլ հայտարարել է, որ «Ժառանգության» խնդիրն է ՝ ներկայանալ նիստին, թե ոչ:

«Ես գտնում եմ, որ չմասնակցելու որևէ տրամաբանական պատճառ չկա: Մեր շտաբը բաց է բոլորի համար», – ասել է  Ռուստամյանը:

Նույն կարծիքն է հայտնել նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս  կուսակցությունը  շարունակում է մնալ այս ձևաչափ լիիրավ անդամ և կարող է գալ ու մասնակցել ցանկացած  նիստի, երբ նպատակահարմար կհամարի: Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել թիվ 7 ընտրատարածքում մեր պատգամվորության թեկնածուների  նկատմամբ կիրառված լուրջ բռնություններին, ապա խորհուրդ եմ տալիս շտաբի անունից հանդես գալ այս մասին հայտարարությամբ», – ընդգծել է  Զուրաբյանը:

Չնայած դրան, Ռուբեն Հակոբյանն ավելի ուշ հայտարարել է, որ «Ժառանգությունը» չի մասնակցի շտաբի աշխատանքներին մինչև կուսակցության պահանջը չկատարվի: