Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հակամարտության հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Հիշեցնենք, որ երեկ Աշոտյանը Զոլյանին աշխատանքից ազատելու հրաման է ստորագրել, բայց ռեկտորը հրաժարվում է հեռանալ:
«Պնդումներ կան, որ Զոլյանին նախարարի դեմ պայքարի մղողն անձամբ Սողոմոնյանն է: Քոչարյանի մամուլի խոսնակ աշխատած տարիներից սկսած մինչև վերջերս Սողոմոնյանը եղել է Բրյուսովի կառավարման խորհրդի նախագահը, նա այժմ էլ դասավանդում է այդ բուհում, պաշտպանում դոկտորական ատենախոսություն: Ձեռքի հետ էլ, փաստորեն, լուրջ ինտրիգներ է հյուսում` խառնելով Զոլյանի և Աշոտյանի հարաբերությունները», – գրում է թերթը:
Իսկ ահա «Երկիր» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, նա լուրջ ծրագրեր ունի` Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ կապված: Վարչապետը ցանկանում է ապագայում այս երկու ուսումնական հաստատությունները միավորել, մեղմ ասած` Բրյուսովը դարձնել մանկավարժական համալսարանի ենթակայության տակ գտնվող ոչ այդքան «պրիստիժով» հաստատություն», – նշում է թերթը: