«Վերջ կամայականություններին», «Բրյուսովցիները հանուն արդարության», «Չկա Զոլյանը, չկանք մենք» պաստառներով Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն այս պահին կանգնած են Կրթության և Գիտության նախարարության շենքի դիմաց` պահանջելով նախարար Արմեն Աշոտյանից իջնել և հանդիպել իրենց հետ: Նշենք, որ ուսանողները պահանջում են վերականգնել ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր պաշտոնում: Հիշեցնենք, որ Զոլյանի ազատման հրամանը Աշոտյանը ստորագրել էր երեկ:
«Մենք սա համարում ենք անձնական վրեժխնդրության քայլ, և պահանջում ենք, որպեսզի նախարարը չեղյալ համարի մեր ռեկտորին լիազորություններից զրկելու հրամանը: Քանի որ որոշումն ինքնին անօրինական է, կարծում ենք, որ Աշոտյանը մեզ չի ընդունի, սակայն մենք ուրիշ աշխատակիցների հետ խոսելու բան չունենք»,-ասել է ակցիայի մասնակիցներից Նարեկ Սամսոնյանը:
Նախարարությունից ակցիայի մասնակիցներին է մոտեցել ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը սակայն ուսանողները չեն ցանկանում նրա հետ խոսել: Նա առաջարկել է, որպեսզի 15 պատվիրակ բարձրանա Աշոտյանի մոտ` խնդրի շուրջ խոսելու: Ակցիայի մասնակիցներն այժմ քննարկում են բարձրանալ կամ չբարձրանալու հարցը:
Այստեղ շարունակվում է նաև ստորագրահավաք` ի պաշտպանություն Զոլյանի: 300 հոգի արդեն իսկ միացել են ստորագրահավաքին:
«Աշոտյան ֆեյսբուքը թող, արի´ հանդիպման», – վանկարկում են ակցիայի մասնակիցները:
Նշենք նաև, որ ոստիկանները փակել են շենքի մուտքը և թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ դռանը: Միաժամանակ, ակցիայի մասնակից ուսանողուհիներից մեկը վատ է զգացել իրեն, այժմ շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցույց տալիս նրան:
Ուսանողները նաև հայտարարել են, որ չեն ցանկանում ոչ կոմպետենտ նախարարի կողմից ռեկտորի պաշտոնակատար նշանակված Գաբրիել Բալայանին տեսնել համալսարանի ղեկավարի պաշտոնում: Նշենք, որ Գաբրիել Բալայանը ԵՊԼՀ-ի պրոռեկտորն է, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է:
Բողոքողները հայտարարել են, որ պատրաստ են անգամ հացադուլ հայտարարել: