Սանկտ Պետերբուրգի 29-ամյա բնակիչ Իգոր Լիսովենկոն որոշել է գումար վաստակել և միաժամանակ ճանաչում ձեռք բերել շատ յուրօրինակ ձևով` իր մեջքը վաճառելով գովազդատուներին: Այս նպատակով նա իր մեջքին «գովազդային ցանց» է դաջել, հայտնում է Newsru.com-ը:
1 սմ-անոց ամեն մի քառակուսու մեջ կարելի է ամսական 10 եվրոյով (600 եվրո 5 տարվա համար) գովազդ դաջել, օրինակ, ընկերության տարբերանշանը կամ ցանկացած այլ պատկեր: 5 տարի անց երիտասարդը դաջվածքները չի վերացնի, միևնույն է ամբողջությամբ դրանք չեն անհետանա:
Այդ ողջ ընթացքում մերկ իրանով քայլել նա նույնպես չի պատրաստվում: Նախագծի հիմնական «դեմքը» պետք է դառնա այն կայքը, որտեղ տեղադրվելու են դաջված հայտարարությունների լուսանկարները:
Իգորի խոսքով` նա արդեն մեկ հաճախորդ ունի, ով 5 քառ. է գնել: «Ներկայումս մենք մշակում ենք նրա տարբերանշանը, իսկ արդեն երկու շաբաթ անց իմ մեջքին կհայտնվի առաջին պատկերը»,-պատմել է Լիսովենկոն:
Եթե իր գաղափարը հաջող ընթացք ունենա, Լիսովենկոն ծրագրում է ձեռքերի և ուսերի հաշվին ընդլայնել գովազդի տարածքը: