Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանն էլ է ցանկանում բանավիճել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Սամվել Ալեքսանյանն էլ է ցանկանում բանավիճել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, գործարար Սամվել Ալեքսանյանը չի ցանկանում բանավիճել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ «չի ուզում, որ Ռուբեն Հայրապետյանը իրեն չհարգի»: Նշենք, որ ավելի վաղ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հորդորել էր Ալեքսանյանին չբանավիճել Փաշինյանի հետ` նշելով, որ ինքը չի հարգի ընկերոջը բանավեճի հրավերն ընդունելու դեպքում:

«Համ էլ դա նույն ա, որ «Փյունիկը» «Բարսելոնային» Երևանում խաղի հրավիրի», – բացատրելով իր որոշման մեկ այլ դրդապատճառով «Երկիր» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Սամվել Ալեքսանյանը:

Վերջինս նաև հայտարարել է, որ ինքն էլ, ինչպես Հայրապետյանը, ցանկանում է բանավիճել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որովհետև «1995-ից իրան լիքը ասելու բան ունեմ»:

Նա չի մասնավորեցրել, թե կոնկրետ որն է ասելիքը` նշելով միայն, որ 1995 թվականին ինքը դրել էր թեկնածությունը Աժ ընտրություններին, սակայն իրեն պրոբլեմներ են ստեղծել:

Ալեքսանյանը հայտարարել է, որ Փաշինյանին հիմնական մրցակից չի համարում, քանի որ վերջինս բնակվում է 3-րդ մասում և համայնքի խնդիրներին ծանոթ չէ:

Օլիգարխը հերթական անգամ վստահություն է հայտնել, որ գալիք ընտրություններին հաղթելու է:

«Բա ոնց, ես Նիկոլին խոսք էի տվել, չէ՞ որ իմ հաղթանակի քեֆին` «Փարվանայում», թամադա եմ դնելու, բայց քանի որ իրան ճիշտ չպահեց, ժողովրդի վրա ոստիկաններով եկավ, մեր ժողովուրդը էլ համաձայն չի, որ թամադան ինքը լինի», – ասել է Ալեքսանյանը: