Հասարակությանը պետք է բացատրել, որ «Գելափ» (Gallup) միջազգային կազմակերպության անվան տակ հրապարակվող սոցոլիոգիական հետազոտությունների արդյունքները մեղմ ասած վստահելի չեն, քանի որ սոցհարցումներն իրականում արվում են տեղական կազմակերպությունների կողմից: Մեկնաբանելով գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին Baltic Surveys/Gallup կազակերպության կողմից հրապարակված կանխատեսումները` Epress.am-ի հետ զրույցում այն մասին ասել է սոցիոլոգ Գայանե Ղազարյանը: Նշենք, որ հարցումը հայաստանյան կողմից նախաձեռնել են «Արմնյուզ» հեռուստաընկերությունը և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան:
«Այսինքն՝ ասելով Gallup-ի կողմից արված հետազոտություն՝ պետք է նկատի ունենալ Gallup-ի կողմից պատվիրված հետազոտություն տեղական կազմակերպություններին: Որքանով հասարակությունը վստահում է, օրինակ, Ահարոն Ադիբեկյանի կամ Գևորգ Պողոսյանի սոցիոլոգիական հետազոտություններին, այնքանով էլ պետք է վստահի Gallup-ին, քանի որ վերջինս չունի որևէ կառույց Հայաստանում և որևէ ռեալ մեխանիզմ վերահսկելու հայկական կազմակերպությունների կողմից արվող աճպարարությունները» – ասել է փորձագետը:
Հետազոտության իրականացման նրբությունների մասին, ըստ Գայանե Ղազարյանի, հրապարակավ չի ասվում այն պատճառով, որ տեղական կազմակերպություններին և նրանց ղեկավարներին, հանձինս Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանի կամ Ահարոն Ադիբեկյանի, ոչ ոք չի հավատում, ուստի փորձ է արվում ընդամենը միևնույն կեղծված տվյալներն իրացնել ավելի հեղինակավոր կազմակերպության անվան տակ թաքցնելով: Սոցիոլոգը նաև նշում է, որ Հայաստանում որպես աշխարհում լավագույնը հայտարարվող Gallup-ը հեղինակավոր 23 սոցիոլոգիական կազմակերպությունների շարքում 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր կանխատեսումների ճշգրտությամբ 17-րդ տեղն է զբաղեցրել:
Ընտրություններին ընդառաջ ոչ իրական պատկեր ցույց տվող հարցումներն անցկացնելը, ըստ սոցիոլոգի, երկու նպատակ է հետապնդում` նախապես լեգիտիմացնել ընտրությունների «պայմանավորված» արդյունքները և ազդել հասարակության չկողմնորոշված հատվածի վրա:
«Նախ` իշխանությունները, որոշելով, որ կուսակցությանն ինչքան տոկոս են հատկացնելու և ինչպիսի համամասնությամբ են կեղծելու ընտրությունները, նախապես հրապարակում են սոցիոլգիական իբր հարցումների արդյունքներ, որպեսզի այդ նկարչությունը չափազանց անսպասելի չթվա, այսինքն՝ ծրագրած կեղծիքը նախապես հրամցնում են իբրև իրականություն՝ յուրատեսակ ալիբի ապահովելով իրենց համար: Երկրորդ` փորձում են ստանալ «ինքնիրականացվող կանխատեսման» էֆեկտ, այսինքն` հրապարակել ցանկալի արդյունքները, որպեսզի չկողմնորոշված զանգվածը կողմնորոշվի ըստ այդ արդյունքների: Այս էֆեկտը հաշվարկվում է այնպիսի մարդկանց նկատմամբ, որոնք նախընտրում են ուժեղի, հաղթողի կողմը բռնել: Չգիտեմ` մեզ մոտ նման մարդիկ քանի տոկոս են կազմում, սակայն այդ տեխնոլոգիան հետապնդում է մարդկանց վրա այդպես ազդելու նպատակը ևս»,- ասել է Գայանե Ղազարյանը:
Այն հարցին, թե ինչ արդյունքներ կարելի է ակնկալել գալիք ընտրություններից, Գայանե Ղազարյանը պատասխանել է՝ ասելով, որ այդ մասին հնարավոր չէ դատել հրապարակվող արդյունքներից, քանի որ դրանց նպատակը ընտրությունների արդյունքների լեգիտիմացումն ու մարդկանց վրա ազդելն է, այլ ոչ թե իրական պատկերը ներկայացնելը: Իրական պատկերն իհարկե հայտնի է հետազոտություն պատվիրող քաղաքական ուժերին, սակայն հրապարակման ենթակա չէ. դա միայն իրենց ներքին խոհանոցը՝ քաղաքական անելիքը կազմակերպելու համար է:
Հիշեցնենք, որ համաձայն վերոնշյալ հարցման, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա առաջին ընտրությամբ ՀՀԿ-ին կքվեարկեր հարցվածների 34 տոկոսը, երկրորդ ընտրությամբ` 17 տոկոսը, ԲՀԿ-ի դեպքում առաջին ընտրությամբ` 28 տոկոսը, երկրորդ ընտրությամբ` 22 տոկոսը, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի դեպքում այդ թվերն են, համապատասխանաբար, 9 և 2 տոկոս: