Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր ներկայացրել է մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին, համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 08.04.12‐14.04.12թթ. ժամանակահատվածում տրամադրված եթերաժամանակի վերաբերյալ տվյալներ: Ամալյանի տպավորությունը նախընտրական քարոզչության անցած շրջանի մասին հետևյալն է. «Լրատվամիջոցները հաջողել են ապահովել պայմաններ թեկնածուների, քաղաքական ուժերի համար: Այս ժամանակահատվածում ՀՌԱՀ-ը բողոքներ չի ստացել ոչ քաղաքացիներից, ոչ շտաբներից»:
Aravot.am-ի փոխանցմամբ` բանախոսը նշել է, որ նախընտրական քարոզչության առաջին շաբաթվա ամփոփումից հետո պարզվել է, որ քաղաքական ուժերն օրենսդրորեն իրենց տրամադրված անվճար և վճարովի եթերաժամանակից օգտվել են այնքան, որքան իրենք են նպատակահարմար գտել. «Ի դեպ, այս առումով, քաղաքական ուժերին հեռուստաընկերությունների, ռադիոհաղորդումների, հրավերներն ընդունելու մասով 0 ցուցանիշ ունի «Միավորված հայեր» կուսակցությունը, ինչի հետ կապված հեռուստաընկերություններին նամակներ ենք ուղղել, և պարզաբանումներ ստացել, որ տվյալ քաղաքական ուժն ինքը ցանկություն չի հայտնել մասնակցելու»:
Ամալյանը հայտնել է, որ անդրադարձ է եղել քաղաքական ուժերի գործունեությանն առանձին մասով, հաղորդումները չեն կրել լրատվական բնույթ, այսինքն՝ այստեղ ակնհայտ անհավասարություն կա: Ինչպես նաև լրատվական բնույթի թողարկումներում, նրանց գործունեության լուսաբանման ժամանակը ևս հավասարաչափ չի բաշխվել ուժերի միջև, և թվերի անհամաչափությունը Գրիգոր Ամալյանին մտահոգում է:
«Ստացված արդյունքների հետ կապված մենք մի շարք հեռուստաընկերություններ գրություններ ենք ուղղել, կապված անհամաչափ բաշխված եթերաժամերի հետ, որովհետև մինչև երեք անգամ տարբերություն կա: Մասնավորապես՝ Հանրայինի ուշադրությանն ենք հրավիրել այն հանգամանքին, որ իր լրատվական թողարկումներում առավելապես լուսաբանվել է «Հանրապետական» կուսակցությունը, նույնատիպ գրություն ուղարկվել է «Կենտրոն», որտեղ առավել շատ լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստանը», նաև «Երկիր Մեդիա»՝ այստեղ առավել եթերաժամանակ հատկացվել է «Հայ հեղափոխական դաշնակցությանը», և մեկ գրություն էլ ուղարկվել է «Հ2», որտեղ եւս առավել շատ լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստանը»: Այս գրությունները նախազգուշացումներ, վարչական տույժեր չեն, բայց ՀՌԱՀ-ը նրանց ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ նախընտրական քարոզչության շրջանում քաղաքական ուժերի լուսաբանման ժամանակ պահպանել հավասարակշռությունը բոլորի միջեւ», – նշել է Ամալյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՌԱՀ-ի որոշմամբ արդեն վարչական տույժ է կիրառվել 2 հեռուստաընկերության նկատմամբ՝ Հրազդանի «Սիրակ» և Սպիտակի «Աննա և Կարեն»-ի:
Ամալյանը նաև ասել է, որ եթե հեռուստաընկերությունների կողմից չընդունվի իրենց առաջարկը, այս դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ. 1 մլն դրամ տուգանք, կամ՝ հեռուստաընկերությունները կարող են կորցնել լիցենզիաները, տույժերի կրկնման դեպքում: Նշվեց նաև, որ կուսակցություններն ըստ իրենց օգտագործած եթերաժամանակի լուսաբանվել են այսպես. առաջին տեղում ԲՀԿ-ն է, երկրորդում՝ ՀՅԴ-ն, երրորդում՝ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դեմկուսը, Կոմկուսը, «Միավորված հայերը»: