17:15 Նարեկ Սամսոնյանը Epress.am-ի զրույցում հայտարարել է, որ ոստիկաններին սխալ տեղեկատվություն էին տրամադրել, թե Բրյուսովի համալսարանի մոտ նա ընդհարում է կազմակերպել: Ոստիկանության բաժնում ամեն ինչ ճշտվել է, ինքը պարզաբանումներ է ներկայացրել և իրեն բաց են թողել: Սամսոնյանը խնդրել է ուսանողների գործողություններում քաղաքական ենթատեքստ չփնտրել:
Նրա խոսքով` իրադրությունը քաղաքականացնում են հենց Հանրապետական կուսակցության անդամները, մասնավորապես, «այս ամենը կազմակերպել էր ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը», ով Աշոտյանի այցի պահին նույնպես եղել է ԵՊԼՀ-ում, սակայն իրավունք չուներ մուտք գործելու բուհ: Սամսոնյանը նշել է, որ Կարեն Ավագյանին ինքն անձամբ առաջարկել է զրուցել, սակայն վերջինս չի համաձայնել:
17:00 Ոստիկանության Կենտրոն բաժնի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել` մոտ 200 ուսանող, ինչպես նաև ԵՊԼՀ-ի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Ոստիկանները հենց այս պահին բաց թողեցին Նարեկ Սամսոնյանին: Հավաքվածները վանկարկում են` Նարեկ, Նարեկ:
17:00 Ոստիկանության Կենտրոն բաժնի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել` մոտ 200 ուսանող, ինչպես նաև ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Ոստիկանները հենց այս պահին բաց թողեցին Նարեկ Սամսոնյանին: Հավաքվածները վանկարկում են` Նարեկ, Նարեկ:
16:40 Աշոտյանի հետ հանդիպումն ավարտվեց: Ուսանողները նախարարին ճանապարհեցին «Նարեկ, Նարեկ» վանկարկումներով:
16:36 Ուսանողներից մեկը հանդիպման ժամանակ խնդրել է Արմեն Աշոտյանին որպես նախարար միջամտել, որպեսզի բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանին ազատ արձակեն, ինչին ի պատասխան նախարարն ասել է, որ եթե վերջինս ոչինչ չի արել, իրեն ազատ կարձակեն:
Աշոտյանը հորդորել է ներկաներին չքաղաքականացնել իրավիճակը:
«Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, որ, բղավելով, կարող են հարց լուծել` թե քաղաքական, թե հասարակական կյանքում, չարաչար սխալվում են»,-ասել է նախարարը:
Ուսանողներից մեկն էլ հանդիպման ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ստուգումներ անցկացվեն Հայաստանի բոլոր բուհերում, ոչ մի ռեկտոր իր պաշտոնում չի մնա:
16:27 Մինչ Արմեն Աշոտյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ չի պատրաստվում ռեկտորի պաշտոնին վերադարձնել Սուրեն Զոլյանին, և դրա համար կա երկու ճանապարհ` դատարան կամ ռեկտորի հաջորդ ընտրություններ, երկու ուսանողուհի բեմ բարձրացան, և, վերցնելով խոսափողներից մեկը, հայտարարեցին, որ Նարեկ Սամսոնյանը բուհի մոտից բերման է ենթարկվել ոստիկանական բաժին: Նրանք կոչ արեցին ուսանողներին գնալ ոստիկանություն: Այս պահին ոստիկաններ կան նաև բուհի մոտ:
16:06 Քիչ առաջ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է ուսանողների հետ հանդիպումը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում:
Ժամանելով համալսարան ուսանողների հետ հանդիպման համար` նա սկզբում չի ցանկացել իջնել բակ` մոտ 300 ուսանողների հետ զրուցելու համար:
Բակում հավաքվածները բողոքում էին ԵՊԼՀ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքից հեռացնելու դեմ` պահանջելով վերադարձնել նրան:
Աշոտյանը սպասում էր ուսանողներին երրորդ հարկում` նիստերի դահլիճում: Վերջիններս նշում էին, որ բոլոր ցանկացողները չեն տեղավորվի դահլիճում և բակում վանկարկում էին` «Նախարա’ր, իջի, Աշոտյան, իջի»:
Արմեն Աշոտյանը հրաժարվել է իջնել` նշելով, որ ուսանողները նույն հաջողությամբ կարող են իրենց տանը սպասել:
«Ես չեմ եկել բեմադրության մասնակցելու, եկել եմ ուսանողների հետ անկեղծ զրույցի», – հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով` համալսարանի ուսանողները բաժանվում են 4 խմբի` նրանք, ովքեր ուզում են իմանալ իրականությունը, նրանք, ովքեր ցավում են ռեկտորի համար, նրանք, ովքեր մտահոգ են բուհի ապագայով, և չորրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր օգտագործում են առիթը քաղաքական և հասարակական ակտիվություն ցուցաբերելու համար:
Վերջիվերջո ուսանողները բարձրացել են դահլիճ, բայց քանի որ բոլոր ցանկացողները ներս չեն մտել, ուսանողները կանգնել են միջանցքներում` շարունակելով պահանջել, որպեսզի նախարարն իջնի բակ:
Ուսանողներից մեկը` Նարեկ Սամսոնյանը, հայտարարել է, որ եթե նախարարը չհանդիպի իրենց, ապա ուսանողները կփակեն բուհի դռները և թույլ չեն տա, որպեսզի վերջինս դուրս գա համալսարանից:
Աշոտյանը նշել է, որ կան շրջանակներ, որոնք ուզում են տապալել հանդիպումը: Նախարարը, դիմելով Նարեկ Սամսոնյանին, հայտարարել է, որ գիտի վերջինիս քաղաքական դիրքորոշումը, քանի որ տեսել է նրան հանրահավաքներին, և հորդորել է «կոռեկտ պահել»: Նշենք, որ Սամսոնյանը Հայ Ազգային Կոնգրեսի համակիր է:
Աշոտյանը հայտարարել է, որ չի ցանկանում խոսել ուսանողների հետ նման պայմաններում և սկսել է իջնել, իսկ ուսանողները սկսել են վանկարկել` «Զոլյան, Զոլյան», իսկ երբեմն էլ հնչել են` «վախկոտ» վանկարկումները:
Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանը, դուրս գալով շենքից, համաձայնել է զրուցել ուսանողների հետ, և այժմ հանդիպումը շարունակվում է: