Home / Հայաստան / Դիտորդներին պատմել են, որ ոստիկանները նկարահանում էին մարդկանց ՀԱԿ-ի հավաքի ժամանակ

Դիտորդներին պատմել են, որ ոստիկանները նկարահանում էին մարդկանց ՀԱԿ-ի հավաքի ժամանակ

Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի Արմավիրի մարզում կայացած հանդիպումների ժամանակ ոստիկանները տեսանկարահանում էին հավաքի մասնակիցներին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Կոնգրեսի ներկայացուցիչները այս մասին տեղյակ են պահել Արմավիր ժամանած ԵԱՀԿ դիտորդներին` դեպքը որակելով որպես մարդկանց վրա գործադրվող ճնշում:

Դիտորդները Արմավիրում կայացած հանդիպման ժամանակ կարճատև զրույց են ունեցել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

ՀԱԿ-ի այցի ընթացքում ևս մի խնդիր է ծագել` Մեծամորում նախօրոք ի գիտություն ընդունած հավաքի ժամանակ Կոնգրեսի հանդիպումն անցկացնելու համար հոսանք չեն տրամադրել:

Արմավիրի մարզում`Մեծամորում, Էջմիածնում և Արմավիրում կայացած հանդիպումների ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները կրկին քննադատել են իշխող Հանրապետական կուսակցությունը և գործող իշխանություններին:

Էջմիածնի հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ ընդդիմադիր ուժն ունի մեկ թիրախ, մեկ  քաղաքական հակառակորդ, որը չարիքի աղբյուրն է Հայաստանում:

«Այս իշխանությունը պատասխանատու է մարտի մեկի սպանությունների համար,  եթե պատասխանատու չլիներ` զոհերի ծնողները մեր կողքին կանգնած չէին լինի: Մենք ասում ենք՝ կա մի հատ ուժ, քաղաքական դաշինք, կոչվում է  Հայ Ազգային Կոնգրես,  որը հայտ է ներկայացրել ժողովրդին: ՀԱԿ-ն ասում է` մենք գնում ենք իշխանափոխության, մենք այդպիսի իշխանություն չենք կարող հանդուրժել, մենք գալիս ենք մեր ծրագրերով և այլ քաղաքական ուժ, որը այդպիսի ծրագրով հայտ է  ներկայացնում ժողովրդին՝ չկա», – ասել է Արամ Մանուկյանը:

Նշենք, որ այս մարզում Կոնգրեսը մեծամասնական ընտրակարգով առաջադրել է  երեք թեկնածուների՝ թիվ 19 ընտրատարածքում Սարգիս Քոչարյանին,  թիվ 20 ընտրատարածքում` Մերուժան Աբրահամյանին և 21-ում` Սեդրակ Հովհաննիսյանին: