Ապրիլի 15-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 44 շենքի մուտքում մի խումբ մարդկանց կողմից հարձակման ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանն իրեն համեմատաբար լավ է զգում ու անկախ ամեն ինչից շարունակելու է նախընտրական քարոզարշավը: Այս մասին Գարոյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում` ընդգծելով, որ որևէ երաշխիք չունի, որ կխուսափի նմանատիպ իրավիճակներից:
«Միակ երաշխիքը կարող է լինել պատիժը: Եթե ոմանք պատժվեն, ինձ թվում է, որ մարդիկ կսկսեն մտածել՝ նմանատիպ քայլեր անե՞լ, թե՝ ոչ, այլապես ընտրություններ անցկացնելու հին ավանդական հայկական մեթոդները շարունակվելու են, ինչպես եղել է հաջորդող օրերին՝ հարձակումներ ու նույն սցենարով իրականացվող գործողություններ»,- նշել է ՀԱԿ ներկայացուցիչն ու ավելացրել, որ իր վնասվածքներն աստիճանաբար ապաքինվում են:
«Քթի այտուցներն իջնում են, ցավերը՝ մեղմանում: Հիվանդանոցում չեմ պառկել, դուրս եմ գրվել իմ իսկ ստորագրությամբ», – ասել է նա:
Հիշեցնենք, որ կիրակի Գարոյանը պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուտամյանի և Զոյա Թադևոսյանի հետ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերն էր բաժանում: Մի խումբ երիտասարդներ պահանջել են հեռանալ շենքից, որովհետև իրենք ընտրությունն արդեն կատարել են և իրենց կուսակցությունը ՀՀԿ-ն է: Ավելի վաղ Առուստամյանը մեզ պատմել էր, որ երիտասարդները սկսել են հայհոյել ՀԱԿ-ի ներկայացուցիչներին և ծեծի են ենթարկել Բաբկեն Գարոյանին, ինչպես նաև հարվածել ու քարոզչանյութերը խլել են կանանց ձեռքից:
Գարոյանն այսօր ասել է, որ ինքն արդեն ոստիկանությունում իր փաստաբանի ներկայությամբ ցուցմունք է տվել: Նա նաև ընդգծել է, որ ոստիկանությունում էլ առանձնապես համամիտ չեն բաժին ներկայացած երիտասարդներից մեկի` Վարդան Վ-ի հետ, ով ասել է, որ Գարոյանին ծեծի չի ենթարկել, այլ պարզապես հրել է, որից հետո Գարոյանն ընկել է և նման վնասվածքներ ստացել:
«Տրամաբանական է, որ հակառակ կողմն էլ իր վարկածն է ներկայացնելու: Ավելի ամբողջական լինելու համար պետք է պետք է հարցաքննվեն վկաները: Գործը ընթացքի մեջ է, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող: Ոստիկանությունում ասել են, որ բացահայտելու են այս գործը», – նշել է նա:
Լուսանկարը` Արման Վեզիրյան, Հելսինկյան ասոցիացիա