Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ Գյումրիի ինքակառավարման և դատական մարմինների անօրինությունների դեմ բողոքի ակցիա էր անցկացնում քաղաքի բնակիչ Հենրիկ Մալխասյանը: Epress.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ իր բողոքը կապված է այն բանի հետ, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն հեռացրել է աշխատանքից` իբր խուլիգանություն անելու համար, և 30,000 դրամ տուգանք է պահանջել: ՀՀԿ-ական քաղաքապետի արարքի իրական պատճառը, ըստ Մալխասյանի, այն է, որ վերջինս հրաժարվել է իր մի ամսվա աշխատավարձը և մի տարվա արձակուրդայինը (ընդհանուր` 124 հազար դրամ) նվիրաբերել Գյումրիի քաղաքապետարանի մասնաշենքի կառուցապատման համար:
Մալխասյանն իրեն առանց որևէ իրավական հիմքի աշխատանքից ազատելու համար քաղաքացիական հայցով դիմել է Շիրակի առաջին իրավասության դատարան իր նկատմամբ սուտ տեղեկություններ տարածելու մեղադրանքով, սակայն գործը չի քննվում: Դատավոր Լիլիթ Խաչատրյանը Մալխասյանի միջնորդություններն արդեն 3 ամիս է` չի ընդունում:
2011 թվականի հունիսի 24-ից Շիրակի մարզի քննչական բաժին Մալխասյանը ևս մեկ` այս անգամ քրեական հայց է ներկայացրել: Քաղաքապետարանի նախկին աշխատակիցը տրամադրել է փաստեր, որոնք վկայում են քաղաքապետի և հարկային բաժնի պետ «դրամաշորթ Փափազյանի» կողմից 10 միլիոն դրամ քաղաքապետարանի ֆոնդից գողանալու մասին: Գործը սակայն դեռ վարույթի մեջ չէ:
«Ես մտավախություն ունեմ, որ դատավորները համագործակցում են քաղաքապետի և այլ աշխատողների հետ, որպեսզի չբավարարեն իմ դիմումը»,- ասել է Հենրիկ Մալխասյանը:
Նա ժամանել էր Երևան` դեպքի առնչությամբ բողոքի նամակ ներկայացնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազին: