Այսօր Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի բակում ուսանողների հետ հանդիպման ժամանակ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը հրաժարվել է իր հեռացման իրավական կամ ոչ իրավական լինելու կապակցությամբ այլևս մեկնաբանություններ անել և հորդորել է սպասել դատաքննության ավարտին:
«Դուք գիտեք` ով եմ ես, ով է ինքը (ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը – խմբ.), ուրախանալու բան չկա, ուղղակի ցավակցեք ինձ, որ այսքան տարի դիմացել եմ»,-ասել է Զոլյանը:
Նա հորդորել է բոլորին որևէ քաղաքական ենթատեքստ չփնտրել տեղի ունեցածում, քանի որ ԵՊԼՀ ուսանողները պարզապես իրենց իրավունքն են պաշտպանում:
Անդրադառնալով Աշոտյանի երեկ հնչեցրած այն հայտարարությանը, թե բուհը չի փակվելու և չի միացվելու Մանկավարժական համալսարանին, Զոլյանն ասել է, որ քանի դրա մասին չկա կառավարության որոշումը, այս հայտարարությունը իրեն չի կարող վստահություն ներշնչել:
Զոլյանը նաև հայտարարել է, որ այս օրերին մեծ ուշադրությամբ հետևում է բուհի վերաբերյալ Աշոտյանի հայտարարություններին և պատրաստվում է դատարան դիմել, քանի որ դրանք արատավորում են համալսարանի հեղինակությունը:
Այսօր Զոլյանին իրենց աջակցությունն են հայտնել Մաշտոցի այգու քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները և ՄԻԺԻ գրասենյակը: Զոլյանը ընդունել է աջակցությունն ու ասել, որ քանի որ դրանք զուտ քաղաքացիական նախաձեռնություններ են, ինքն ընդունում է նամակները: Զոլյանը նաև հաղորդել է, որ որոշ քաղաքական ուժեր ցանկացել են գալ և աջակցել իրեն, սակայն նա մերժել է, քանի որ, ըստ նրա, սա որևէ կուսակցության խնդիր չէ, այլ ուսումնական համակարգի մասին պատկերացման խնդիր:
Ուսանողներից Ռոլանդը, Նարեկը և Միքայելը հայտարարել են, որ երեկ հեռուստատեսությամբ, հատկապես «Արմենիա»-ի եթերում, աղավաղված է ներկայացվել բրյուսովցիների` իրենց իրավունքների համար պայքարը:
Որպեսզի խուսափեն նման թյուրիմացություններից, ուսանողները պատրաստվում են հարցը հետագայում քննարկել ԵՊԼՀ նիստերի փակ դահլիճում` առանց լրագրողների ներկայության:
Ուսանողներից Նարեկ Սամսոնյանը հայտարարել է նաև, որ երեկ ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը և այլ ՀՀԿ-ականներ, գալով համալսարան, փորձել են սադրել և քաղաքական ենթատեքստ հաղորդել տեղի ունեցող ակցիային: Իսկ Արմեն Աշոտյանը երեկ հայտարարել է, որ ուսանողներից ոմանք փորձում են իրենց քաղաքական հայացքները օգտագործել այս պայքարում, հայտարարություն է հնչել նաև, թե ուսանողներից ոմանք «Լևոն, Լևոն» են վանկարկել: Բրյուսովցիները, սակայն, վստահեցնում են, որ նման դեպք չի գրանցվել և ոչ ոք այստեղ իր քաղաքական հայացքները տարածելու փորձ չի արել: