Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թղթակցին խորհուրդ է տվել իրեն «ներվահան չանել, որ չգիտի էս բանը էն չի, էն բանը սենց ա, նենց ա»:
«Ես շատ ուժեղ ու հայրենասեր մարդ եմ, ու քեզ էլ խորհուրդ կտայի, որ մեր կողքին գտնվեիր ու քեզ էր երկրի տեր ու տիրական զգայիր», – լրագրողի հետ զրույցում հայտարարել է մարզպետը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես են մարզում ընթանում նախընտրական պրոցեսները:
«Հազիվ մի երկու օր ինձ հանգիստ էիր տվել, նորից էլի հիշեցիր: Էլ չսկսես, ես Սյունյաց երկրի տեր ու տիրականն եմ: Էս հայի էության մեջ կա մի դուխ ու մի ոգի, և իմ մեջ էդ դուխն ու ոգին ա: Ու եթե ես թույլատրեմ, դու էլ էդ դուխը կունենաս: Իսկ իմ ամբողջ մարզը ինձ` որպես հայրենասերի շատ հարգում ա, ասեմ, որ իմանաս ու հանգիստ լինես», – ասել է մարզպետը` միաժամանակ խորհուրդ տալով լրագրողին գալ Սյունիք և անձամբ պարզել, թե ինչ ուժեղ է նա և ինչեր կարող է անել:
Թերթի թղթակիցը հարցրել է մարզպետին` թե ինչո՞ւ են այդ դեպքում նրա թիմակիցները տնետուն ընկած ցուցակագրում բոլոր սյունեցիներին:
«Լսի, դու կարող ա քննիչ ես, ինչ հետաքննություն-մետաքննություն, ասա ուսումնասիրություն, էլի: Էլ Վսյո, ժամանակը սպառվեց, եթե մի վայրկյան էլ խոսեցիր, անջատում եմ, «ատբոյ» եմ տալիս», – փորձել է պարզաբանել մարզպետը:
Նա նաև խոստացել է լրագրողին մայիսի 6-ից հետո` լուսաբացին, առաջինը նրան հայտնել, թե որքան ձայն ու քանի տոկոս է հավաքել ՀՀԿ-ն:
Զրույցի վերջում լրագրողը փորձել է պարզել` արդյոք մարզպետը հավատարիմ է ՀՀԿ-ի կարգախոսին (Հավատանք, որ փոխենք), և արդյոք մարզպետը հավատում է ինքն իրեն, որ մի օր ինքն էլ փոխվի ու կանանց վրա ձեռք չբարձրացնի, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասել է.
«Ես հիմա անջատե՞մ հեռախոսը, ասա մարդիկ դեմս նստած` դու դրել ես… Հաջողություն, լավ , էսօր էսքանը հերիք ա»: