Ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) նախնական հարցումների` ՀՀ ԱԺ ընտրություններին ձայների առավելագույն քանակը կստանա ՀՀԿ-ն: Նրա մոտակա մրցակիցը «Բարգավաճ Հայաստանն» է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տվյալների է ներկայացրել կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը: Կենտրոնը ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի ուսումնասիրությանն ուղղված հետազոտություն է անցկացրել Հայաստանում ապրիլի 4-13-ն ընկած ժամանակահատվածում:
Անցկացված հարցումների համաձայն, ԱԺ գալիք ընտրությունների մասին տեղեկացված է հարցվողների 98%-ը: Քվեարկությանը պատրաստվում է մասնակցել 72%-ը, մասնավորապես` Երևանի բնակիչների 65%-ը, այլ բնակավայրերի` 75-76%-ը:
Ըստ կենտրոնի տվյալների` քարոզարշավի առաջատարը ԲՀԿ-ն է (հարցվողների 54%-ը տեսել են քարոզարշավը, որից 83%-ին այն դուր է եկել): Երկրորդը` ՀՀԿ-ն է (45 և 75% ), երրորդը` ՕԵԿ-ն է (39 և 60%): Մյուս կուսակցությունների քարոզարշավը տեսել է հարցվողների ոչ ավել, քան 26%-ը, մեծամասնությանը այն դուր է եկել:
Կենտրոնը նաև հարցումներ է անցկացրել այն մասին, թե վերջին 3 ամիսների ընթացքում ինչպիսի սոցիալ-քաղաքական իրադարձություններ են առավել գրավել մարդկանց ուշադրությունը կամ հիշվել հանրության կողմից: Ըստ այդմ` առաջին հերթին մարդկանց ուշադրության կենտրոնում են նախընտրական գործընթացները, խոստումներն ու ԱԺ ընտրությունները (27%), այնուհետև մարդկանց հուզում է գնաճը (14%), երրորդ հերթին ՀՀ քաղաքացիներին հետաքրքրել է Ֆրանսիաայի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը (4%): «Թոփ տասնյակը» եզրափակում են ժողովրդի սոցիալական վիճակի, աղքատության գործազրկության խնդիրները:
Վալերի Ֆյոդորովը անդրադարձել է ԲՀԿ-ի վարկանիշի հնարավոր անկմանը, ինչը կարող է պայմանավորված լինել վերջերս տեղի ունեցած միջադեպով, երբ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման էր գնացել ոսկեզօծ զենքով: Ըստ նրա` Ծառուկյանի հայտնվելը զենքով շատ տարօրինակ էր, քանի որ թեկնածուն պիտի սիրված լինի և ոչ թե վախ ներշնչի ընտրողներին: Այս հանգամանքը, ըստ Ֆյոդորովի, կարող է բացասական ազդեցություն ունենալ կուսակցության վարկանիշի վրա:
Կենտրոնի ղեկավարի տվյալների համաձայն, իր ընտրողների վստահության մակարդակը սրընթաց կերպով կորցնում է նաև ՕԵԿ-ը:
Եվ ի վերջո, ըստ «կշռված» հարցումների, ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կստանա ձայների 39%-ը. ԲՀԿ-ն 36%: 5%-շեմը հաղթահարում են ՕԵԿ-ը (7%), ԺԿ-ն (6%), և ՀՅԴ-ն (5%):