Ստեփանակերտում 96 քառ.մ. ընդհանուր մակերեսով բնակարան համատեղ սեփականության հիման վրա, 1992 թվականի արտադրության «Միցուբիշի-մոնտերո» մակնիշի մեքենա` ահա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջ շարժական և անշարժ գույքը, որը սեփականության և եկամուտների մասին հայտարարագրի համաձայն երկրի ղեկավարի կողմից ներկայացվել է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով:
ԿԸՀ-ի կողմից Regnum-ին ներկայացված փաստաթղթի համաձայն, աշխատավարձից ստացվող նախագահի տարեկան եկամուտը կազմում է 3 մլն 898 հազար 800 դրամ: Աշխատավարձից ստացված եկամուտի ծավալներով Ազգային Անվտանգության քարտուղար Արթութ Բաղդասարյանը էապես գերազանցում է նախագահին: Սակայն երկրի ղեկավարի եկամուտը չի սահմանափակվում միայն աշխատավարձով, ևս 2 մլն 45 հազար 89 դրամ նախագահը ստանում է աշխատավարձին հավասարեցված վճարման տեսքով: Եվս 8 մլն 740 հազար դրամ Սերժ Սարգսյանը ստանում է «տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»-ից: Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 32,5 հազար դրամ:
Հռչակագրի ներկայացման պահին երկրի ղեկավարի ֆինանսական միջոցները 105 մլն 600 հազար դրամ են կազմում: Բաժնետոմսերի կամ այլ տեսակ ներդրումների մասին հռչակագրում չի խոսվում: Փոխարենը նշվում է, որ նախագահը 18-20-րդ դարերի տարբեր թանկարժեք անտիկվար իրեր ունի: Սերժ Սարգսյանին են պատկանում նաև 20-րդ դարի այնպիսի հայտնի հայ նկարիչների կտավներ, ինչպիսիք են Խանջյանը, Սարյանը, Հակոբյանը, Գյուրջյանը, Բաշինջաղյանը, Մինասը, Քոչարը, Կոջոյանը, Աբեղյանը` ընդհանուր 32 կտավ:
Սակայն, դատելով սեփականության հռչակագրից, Հայաստանի նախագահը երկրում ամենևին էլ ամենահարուստ մարդը չէ: Օրինակ, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ համարները`ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանի եկամուտները և սեփականությունները գերազանցում են նախագահինը: