Մաշտոցի պուրակի ակտիվիստները համերաշխություն են հայտնել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներին:
Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ուսանողները զանգվածային ու կարգապահ բողոքով նրանք պատմական օրինակ են ցույց տալիս ամբողջ Հայաստանի ուսանողության համար:
«Մենք համոզված ենք, որ անկախ կողմնորոշումներից և անձերի նկատմամբ համակրանքից` դուք նախևառաջ ոտքի եք ելել պաշտպանելու արդարությունն ու օրինականությունը: Բրյուսովցիներից շատերը ամիսներ շարունակ կանգնած են Մաշտոցի պուրակում` ի պաշտպանություն հանրային տարածքի:
Մենք ցանկանում ենք դառնալ ինքնորոշված քաղաքացիների սերունդ և ապրել մի երկրում, որտեղ օրենքը կհարգեն բոլորը, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները` լինի քաղաքապետ, թե նախարար: Բոլորին, ովքեր հանկարծակիի են եկել մեր օրինական պահանջներից, մենք հայտարարում ենք, որ տեր ենք կանգնելու մեր համալսարանին, մեր քաղաքին և մեր պետությանը:
Հայկական ինքնորոշված ուսանողների շարժումն ընդդեմ կամայականությունների կարող է իսկապես փոխել մեր երկիրը` բարձր կազմակերպվածության, օրինապահության և ինքնուրույնության շնորհիվ:
Մենք քաջալերում ենք ձեր արդար պայքարը և բաց ենք համագործակցության համար հանուն քաղաքացիական Հայաստանի և ինքնորոշված քաղաքացու:
Ինքնորոշված ուսանողնե՜ր, մենք ձեզ հետ ենք», – ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը,
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը և «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը: