Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանը եվրոպական կառույցներին որևէ նամակ չի հղել: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով hayeli.am կայքի հոդվածը, որում, մասնավորապես, ասված է, որ Նվարդ Մանասյանը եվրոպական կառույցներից պահանջելու է Բոլոնիայի քարտուղարության կառավարումը չվստահել Հայաստանին:
Հոդվածում նշվում է, որ միջազգային հարթակներում Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը Հայաստանում իրականացնելու դեմ տևական ժամանակ պայքարում էր Ադբեջանը, որը Հայաստանի թեկնածությանը միակ դեմ քվեարակող երկիրն էր, և «Բրյուսովի նախկին ռեկտորին սատարող անձանց և ուժերի կողմից ամեն ինչ արվում է, որ վարչական այս հարցը օր առաջ հասնի Եվրոպա և դիտարկվի որպես մարդու իրավունքների խախտման գունեղ օրինակ»:
Մեզ հետ զրույցում Մանասյանն ասել է, որ նման բան առաջին անգամ է լսում, և պահանջում է հրապարակել այդ նամակը, եթե լրատվամիջոցն իրոք տիրապետում է այդ մասին հստակ ինֆորմացիայի:
Անդրադառնալով հոդվածի այն հատվածին, որտեղ շեշտվում է, թե Մանասյանը ՀՅԴ ցուցակի 22-դ տեղն է զբաղեցնում և որ ՀՅԴ-ական նախարարների օրոք աշխատել է նախարարություններում, Մանասյանն ասել է. «Ինչ սկսվել է պարոն Զոլյանի հետ կապված այս պատմությունը, փորձեցին շարժումը կապել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ: Ես 2003 թվականից դաշնակցական եմ, սակայն այս պայքարում հանդես եմ գալիս որպես բրյուսովցի, սա համալսարանական անկախության խնդիր է, եթե Աշոտյանն այդքան նեղ է մտածում, դա իր խնդիրն է»:
Նշենք, որ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն իր Facebook-յան էջում հոդվածի հղումն է թողել և ավելացրել, թե «Սա արդեն անցնում է բոլոր բանական և բարոյական սահմանները»: Իսկ օգտատերերից մեկը մեկնաբանել է. «Ճիշտ են ասում էլի, թշնամին տնից ա լինում… մարդիկ աշխատում են, որ հայերի անունը աշխարհում բարձր մակարդակի վրա լինի իրանք հակառակն են անում… դե ադրբեջանցիները կարան հանգստանան»:
Լուսանկարը` aravot.am-ի