Այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնող Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը հայատարարել են, որ վերջնականապես կորցրել են հավատը հայաստանյան իշխանություների նկատմամբ:
«Ես ներողություն եմ խնդրում բառերիս համար, բայց չէի մտածում, որ մեր պետական այրերը կարող են բացահայտ նայել տիկնոջ աչքերի մեջ ու ստել: Գառնիկ Իսաղուլյանը (ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ – խմբ.) բացահայտ ստեց` ասելով, որ մենք իրեն փաստաթղթեր չենք ներկայացրել, այնինչ պաշտոնապես բոլոր փաստաթղթերը ներկայացրել էինք: Այլ հարց, որ նա չցանկացավ մաֆիայի դեմ կռվել», – ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն: Բնակիչների գործերով վերջին շրջանում զբաղվում էր Իսաղուլյանը:
Լրագրողների հետ զրույցում Մաղաքյանը նաև ասել է, թե ինքը ցավում է, որ մեր երկրում բոլոր իշխանավորները անզոր են որոշումներ կայացնելու հարցում:
«Թող մեր պետական այրերը արտասահմանցիների ներկայությամբ համարձակվեն մեզ ասել՝ հեռացեք, սա ձեր երկիրը չէ: Մենք կգնանք, միայն թող պաշտոնապես ասեն, չասեն՝ աճում ենք, բարգավաճում ենք, փոխվում ենք, հավատացե՛ք: Մեր շարքերում հաշմանդամ ազատամարտիկներ կան, եթե պիտի տունը ձեռքից խլեն ռեկետյորները, ուրեմն մենք էս երկրում անելիք չունենք», – ասել է Մաղաքյանը:
Խաբված բնակարանատերերը նշել են, որ մինչև վերջերս իրենք հավատացել են, թե նախագահ Սերժ Սարգսյանը անտեղյակ է իրենց խնդիրներին, սակայն այժմ առավել քան վստահ են, որ նա տեղյակ է ու ոչինչ չի ձեռնարկում:
«Ո՞նց կարող է պատահել, որ այս երկրում ինչ-որ բան կատարվի ու նախագահը տեղյակ չլինի: Մենք այստեղ ենք ու համոզված ենք, որ նա այս պահին տեղյակ է այդ մասին: Ասեղ չենք, եթե տեսնում են ու որոշում են, որ թքած ունեն մեր վրա, թող ասեն՝ շատ լավ ենք արել` հեռացեք, Հայաստանից: Մենք այս ձևով ենք շարունակելու մեր պահանջը ու թող իրենք նկատի ունենան, որ չենք հանձնվելու», – նշել են ակցիայի մասնակիցներից մի քանիսը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև հիշեցրել են, որ իրենք չեն կարողանում մասնակցել ընտրություններին, քանի որ գրանցում չունեն:
Բողոքող բնակարանատերերի հետ նախագահական նստավայրի մոտ էին նաև «Գապբնակշին» ընկերության կողմից խաբված շինարարները: Նրանք պնդել են, որ աշխատանքի դիմաց չեն վարձատրվել ու այժմ եկել են իրենց բողոքը ներկայացնելու:
«Երեք հոգով 1 միլիոն ու կես դրամ պետք է ստանայինք, սակայն մինչ օրս խաբում են: Արդեն որերորդ նամակն ենք փոխանցում, բայց անարդյունք», -պնդել են շինարարները:
Նրանցից մի քանիսինն էլ ակցիայի մասնակիցներից քիչ հեռու կագնած իրենց հասցեներն տրամադրում մի մարդու, ով չցակացավ ներկայանալ: Epress.am-ի լրագրողի հետ զրույցում նա չհերքեց, որ տվյալները հավաքագրում է ՀՀԿ-ի համար: Շինարարներն էլ ասել են, որ տվյալները տրամադրում են, քանի որ հույս ունեն, որ ՀՀԿ-ն կլուծի իրենց խնդիրները: Նրանց խոսքով` իրենք երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել և ստիպված են դիմում այդ քայլին: