Ապրիլի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ վեց նախընտրական հանդիպում է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Մարտունի քաղաքում Տեր-Պետրոսյանը ելույթի սկզբում հայտարարել է, որ երբ իշխանություններն իմացել են, թե Կոնգրեսն այսօր հանրահավաք է անցկացնելու, անմիջապես զեկուցել են նախագահական ապարատ, և Սերժ Սարգսյանը նրանց իջեցրել է հետևյալ կարգադրությունը՝ հանկարծ էնպես չլինի, ինչպես եղավ 2008 թվականին: Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ Գեղարքունիքի մարզի հանդիպումները 2008 թվականին բազմամարդ են եղել և նշել է, որ նույնը կրկնվել է այսօր:
«Հիմա սա էլ ձեր պատասխանն է Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը որևէ հանրահավաքի գնա ու ավտոբուսներով ուսուցիչներին, երեխաներին, բժիշկներին չտանի այդ հանրահավաքներին, հաստատ ցանկացած հրապարակում մենակ կմնա», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հավաքվածներն արձագանքել են. «Ճիշտ ա»:
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարդկանցից գողացել են ձայները:
«Ձայները քիչ են, ձեր հացն են կտրել, ձեր երեխաների ապագան են ձեզանից գողացել, միլիարդավոր դոլարների հարստություններ են դիզել: Սա ես չեմ ասում: Ռոբերտի և Սերժի հարստությունների մասին միլիարդավոր դոլարների հասնող գրեցին մոսկովյան թերթերը», – ասել է ՀՀ առաջին նախագահը:
Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի համար աֆրիկաներում առյուծ սպանելը ավելի մեծ հաճույք է, քան ժողովրդի համար մի լավ բան անելը, իսկ Սերժ Սարգսյանի համար ինչ-որ կազինոներում թղթախաղով միլիոններ տանուլ տալն ավելի մեծ հաճույք է, քան ժողովրդի համար մի հոգս քաշելը:
«Իբր թե ղարաբաղցի են և Ղարաբաղի ազատագրության համար պայքարեցին: Էդ բոլոր հաղթանակները ղարաբաղյան պատերազմում եղել են իմ իշխանության և Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակ՝ մինչև 1994 թվականը: 94 թվականից հետո այս իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մի թիզ հող չեն գրավել, հակառակը՝ էն մեր գրաված հողերի մի մասն էլ հետ են տվել: Նոյեմբերյանի շրջանում, Շամշադինի շրջանում ադրբեջանցիները կամաց-կամաց իրենց դիրքերը առաջ են բերում և մերոնք հետ են քաշվում», – նշել է ընդդիմության առաջնորդը:
Նրա խոսքով՝ եթե Սարգսյանն ու Քոչարյանը նման գումարներ չյուրացնեին, ապա մարդկանց աշխատավարձերն էլ, թոշակներն էլ, նպաստներն էլ երկու-երեք անգամ կարող էին մեծանալ:
«Դրա համար մի բան է պետք՝ քշել, վռնդել: Ինչո՞ւ եք դուք արտագաղթում, էնպես արեք, որ նրանք արտագաղթեն: Դրա ճարը կա. մայիսի 6-ին ընտրեք Հայ Ազգային Կոնգրեսին և նրա թեկնածուին», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: