Չկա իշխանություն, որ թերություններ չունենա: Ամենալավ նախագահը` Նիկոլա Սարկոզին էր, բայց երեկ Ֆրանսիայում պարտություն կրեց: Այս մասին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նշել է, որ չնայած թերություններ չի կարելի բացառել, բայց, երբ իր գլխավորած քաղաքական ուժն իշխանության գա, ապա կաշխատի շատ ավելի բաց, առանց «մարդկանց բերանը փակելու»:
«Հեռուստատեսությամբ դուք կլսեք և’ մեր ձայնը, և’ մեզ քննադատողների ձայնը: Եթե դուք ամեն շաբաթ մի կես ժամ լսեիք այն, ինչ հիմա ասում ենք, Սերժ Սարգսյանը վաղուց իշխանության չէր լինի: Ոչ մի իշխանություն հավերժ չի: Ոչ մի տարբերություն Ռոբերտ, Սերժ` նույն իշխանությունն է: Այս իշխանությունը լճացած է: Ով իր պարտականությունները չկատարեց, թերացավ, պաշտոնն օգտագործեց ժողովրդին կեղեքելու համար, նրան անմիջապես պետք է պաշտոնից ազատել: Այդ հնարավորությունը տալիս եմ: Եթե երկու տարի հետո ձեզ չենք բավարարի, վռնդեք մեզ: Սարեր-ձորեր չեմ խոստանում: Ես երբեք սուտ խոստում չեմ տվել, չեմ էլ տա», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով` ղարաբաղյան ճակատամարտում ինքն է եղել Գերագույն գլխավոր հրամանտար և բոլոր հաղթանակներն իր օրոք են կերտվել:
«Բայց ես նաև խոսել եմ խնդիրների մասին: Պատերազմի պատճառով պայթեցվել են գազամուղերը, և այդ պայմաններում ուզում եք ցուրտ չլինե՞ր, մութ չլինե՞ր: Փառք Աստծո, էն ժամանակ մարդիկ էստեղ ձուկ էին որսում, ուտում», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Հավաքի մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե «հիմա ձուկ էլ չկա», ընդդիմության առաջնորդը պատասխանել է. «Մենակ մուկ կա»:
Տեր-Պետրոսյանը հավաքվածներին կոչ է արել ձայնը տալ թիվ 24 ընտրատարածքում ՀԱԿ-ի պատգամավորության թեկնածու Սպարտակ Ջիվանյանին: