Այն, որ իշխանությունները խոչընդոտում են քաղաքացիների մասնակցությունը հանրահավաքին` նրանց իջեցնելով ավտոբուսներից, վկայում է այն մասին, որ իշխանությունները վախենում են բնակչության ակտիվությունից: Այս մասին կիրակի Բաքվում տեղի ունեցած Հասարակական պալատի հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:
Քերիմլին կարծում է, որ իշխանությունների խնդիրը ընդդիմությանը որպես թշնամի ընունելն է: «Իշխանությունները կարծում են, որ երբ ընդդիմությունը «վերջանա», կվերանան և իրենց խնդիրները: Սակայն տեսեք, թե այսօր որքան երիտասարդություն է եկել հանրահավաքի, դա նշանակում է, որ ընդդիմությունը չի վերջանում, և երիտասարդությունը երաշխիքն է այն բանի, որ ռեժիմի հետ պայքարը չի դադարի», նշել է ընդդիմադիր առաջնորդը:
Ադրբեջանական ընդդիմությունը վստահ է, որ իշխանությունները պետք է գիտակցեն, որ ժողովրդավարական բարեփոխումները երկրի նորմալ զարգացման միակ ճանապարհն են:
Հանրահավաքի կազմակերպիչները վերջում բանաձև են ընթերցել, որտեղ ասվում է, որ իշխանությունները չեն կատարել ապրիլի 8-ին տեղի ունեցած հանրահավաքի ցուցարարների պահանջները. ազատ չեն արձակվել քաղբանտարկյալները, ապահովված չեն սեփականության իրավունքները, չեն դադարեցվում ճնշումները լրագրողների վրա: