Home / Հայաստան / Կոմունիստին մեղադրում են. ասուլիսը մեկնարկեց միջադեպով (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Կոմունիստին մեղադրում են. ասուլիսը մեկնարկեց միջադեպով (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Ռուբեն Թովմասյանն այսօր «Հայելի»  ակումբում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Կոմկուսն ունենալու է ընտրողների ձայների 10-15 տոկոսը:

Aravot.am-ի փոխանցմամբ` ՀԿԿ ղեկավարի ասուլիսը դեռ նոր էր մեկնարկել, երբ հայտնվեց մի անձնավորություն, որը ներկայացավ իբրև Մյասնիկ Պատվականյան և ցանկացավ հարցեր հղել գլխավոր կոմունիստին: Սակայն  Թովմասյանի համակիրները նրան մամուլի սրահից այնպես դուրս հանեցին, որ Մյասնիկ Պատվականյանը նույնիսկ գլուխը խփեց պատին:

Միջանցքում Պատվականյանը հայտարարեց, թե պարոն Թովմասյանը խաբեությամբ է զբաղվում և բոլոր երիտասարդներին հեռացնում է Կոմկուսի շարքերից: Պատվականյանը նաև մանրամասնեց. «Այդ մարդը 20 տարի զրպարտչական, կազմաքանդիչ գործունեություն է ծավալել, քանդել Կոմկուսը: Նա կոմկուսի շարքերից հեռացրեց մի շարք երիտասարդների, գաղտնի պլենում հրավիրեց, նախընտրական ցուցակը կազմեց, ինձ էլ խոստացել էր ընդգրկել ցուցակում, չընդգրկեց: Ես միշտ եղել եմ և կմնամ կոմունիստ, սակայն այդ անձը հակակոմունիստական և հակաժողովրդական քարոզչություն է իրականցնում: Իր 80-ամյա զառամյալ ծանոթ-բարեկամներին է բերում կուսակցություն: Պահանջում եմ, որ նրան հեռացնեն Կոմկուսի շարքեից»:

Երբ լրագրողները վերադարձան մամուլի սրահ, գլխավոր կոմունիստի համակիրները Մյասնիկ Պատվականյանին սպառնացին. «Դու դեռ կտեսնես»:

Միջադեպի կապակցությամբ Թովմասյանն ասաց, թե գիտի՝ այդ անձնավորությունը որ ուժի կողմից է ուղղորդվում և պարզաբանեց. «Ես նրան չեմ խոստացել ընդգրկել ցուցակում, ինչո՞վ եմ հալածում, չեմ հասկանում: Եթե հավատում եք նրան՝ հավատացեք»:

Շարունակելով ասուլիսը՝ պարոն Թովմասյանն ասաց, որ խորհրդարան մտնելով իրենք սկսելու են սահմանադրական բարեփոխումները և նկատեց. «Այս սահմանադրությունը չի համապատասխանում հայ ժողովրդի պատմությանը: Այն քսերոքս է արված»:

Դառնալով սոցհարցումներին՝ գլխավոր կոմունիստը նշեց. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»:

Տեսանյութերը` Aravot.am

Լուսանկարը` Yerkirmedia.am