Հայ Ազգային Կոնգրեսի անդամներն իրենց այսօրվա այցելությունը Գեղարքունիքի մարզ սկսեցին Վարդենիս քաղաքից: Վարդենիսի մուտքի մոտ ՀԱԿ անդամներին մարդիկ դիմավորեցին դրոշներով. հյուրերն ու քաղաքի Կոնգրեսի համակիրները երթով շարժվեցին դեպի հանրահավաքի վայր:
Նախընտրական հանդիպումը սկսվեց մի քանի կարճ ելույթներով:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Վարդենիսից, ՀԱԿ-ի ակտիվիստ Գուրգեն Ասատրյանը կոչ արեց երիտասարդությանը ոչ մի բանի առջև չընկրկել, ոչնչից չվախենալ:
«Ձեր ձայնը տվեք ՀԱԿ-ին, ձեր ձայնը տվեք Վարդան Ջհանգիրյանին (թիվ 23 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու, ով ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է – խմբ.): Սա է մեր հողը, սա է մեր տունը, այստեղ մեր ծնողները արյուն են թափել, որ մենք ապրենք, լավ երկիր ունենանք: Մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք, որ հեռացնենք այս ռեժիմը», – հայտարարել է Ասատրյանը:
Վարդան Ջհանգիրյանն իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ինքը ցավ է ապրում հայրենիքի ճակատագրի համար և այդ պատճառով որոշել է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:
«Եթե դուք ձայն տաք ինձ ու ՀԱԿ-ին, ես ձեր` վարդենիսիցի ընտանիքների ցավի կեսը կվերցնեմ ինձ վրա: Ես յուրաքանչյուր հայ մանուկի ցավով տառապող մարդ եմ», – ասել է Ջհանգիրյանը` հավելելով, որ ինքը աշխատել է Վարդենիսում և իրեն քաղաքում լավ են ճանաչում: