Home / Հայաստան / ՀՀԿ-ն սեփական ընտրական կանոններն է մշակել

ՀՀԿ-ն սեփական ընտրական կանոններն է մշակել

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ապրիլի 19-ին կանոններ է ընդունել, որոնք, ըստ կուսակցության, ընտրությունների ժամանակ պետք է ապահովեն քաղաքակիրթ մրցակցությունը: Կաննոներն ուղղված են ՀՀԿ-ականներին ու ընտրական գործընթացի մասնակիցներին և «կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների ազատ և արդար անցկացման նպատակով, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը»:

11  կետից բաղկացած կանոնների ցանկը ներկայացնում ենք ամբողջությամբ.

1. Ընտրական գործընթացի մասնակիցը

1. 1. Սույն Կանոններում «ընտրական գործընթացի մասնակից» են հանդիսանում»

ա) սույն Կանոններն ընդունած և ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` կազմավորումների),

 

բ) նախորդ կետում թվարկված կազմավորումների անդամները, պատասխանատուները, վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրված թեկնածուները, վերջիններիս վստահված անձինք,

գ) սույն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, նրանց վստահված անձինք:

2. Իշխանության լեգիտիմության հիմքերը

2.1. Ժողովրդավարական բազմակուսակցական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, այլ օրենքներին և ընտրական օրենսդրությանը համապատասխան իրականացված ընտրություններն են, որի ընթացքում մասնավորապես`

ա) ընտրողները հնարավորություն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին և ազատորեն կատարել իրենց ընտրությունը,

բ) ընտրողները քվեարկում են ազատորեն, առանց վախի, առանց միջամտության կամ նրանց ազատ կամքի արտահայտման վրա ցանկացած ոչ օրինական այլ ներգործության:

3. Կանոնների պահպանումը

3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտավորվում են բարեխղճորեն պահպանել սույն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետության հասարակության, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների և միջազգային հանրության կողմից ընտրություններն ազատ և արդար ճանաչելուն, ընտրությունների նկատմամբ:

3.2. Ընտրական գործընթացի մասնակիցը`

ա) իր գործունեությունն իրականացնում է սույն Կանոններին համապատասխան,

բ) պետք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպես կազմավորման ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով` ուղղված Կանոնների պահպանմանը,

գ) պետք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողությունները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարվելու դեպքում կորակվեին որպես Կանոնների խախտում:

3.3. Սույն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմավորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտավոր է`

ա) հանձնարարել տվյալ կազմավորման բոլոր անդամներին, պաշտոնյաներին, թեկնածուներին, հորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշված Կանոնները,

բ) Կանոնների խախտման դեպքում գործադրել կազմավորման կարգապահական ներգործության միջոցներ:

4. Քարոզարշավը

4.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) հարգել ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակետներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրավունքը,

բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշավը, մասնավորապես` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նյութերի Օրենքով սահմանված կարգով տարածմանը և պաստառների` Օրենքով սահմանված կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նյութեր,

գ) հարգել մամուլի ազատությունը, մասնավորապես` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը,

դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցույցերի կամ հանրահավաքների իրականացմանը, մասնավորապես` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցույցերին կամ հանրահավաքներին:

5. Ընտրական հանձնաժողովներ, դիտորդներ, վստահված անձինք

5.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) համագործակցել ընտրական հանձնաժողովների հետ՝ իր կողմից նշանակված անդամների և իր վստահված անձանց միջոցով, ապահովել քվեարկության կանոնավոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպես նաև ընտրողների լիիրավ ազատությունն իրենց ընտրական իրավունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար,

բ) չմիջամտել ընտրական հանձնաժողովների` իր կողմից նշանակված անդամների պարտականությունների պատշաճ կատարմանը,

գ) չխոչընդոտել ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահված անձանց պարտականությունների կատարմանը,

դ) իր գործողություններով չվտանգել ընտրական հանձնաժողովների անդամների անվտանգությունը քվեարկությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո,

ե) խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել   անկառավարելի գործընթացների,

ե) համագործակցել հավատարմագրված դիտորդների հետ:

6. Ընտրական գործընթացի մասնակցի պահվածքը և խոսքը

 

6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) նպաստել նախընտրական քարոզարշավի, քվեարկության, ընտրությունների արդյունքների ամփոփման և հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը,

բ) գործել իր դիրքին վայել պատասխանատվության զգացումով,

գ) բանավոր կամ գրավոր խոսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խոսք կամ պատկերներ, որոնք`

– սադրիչ կամ զրպարտիչ են,

– ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք են հանդիսանում կամ բռնություն են հրահրում այլոց դեմ,

– պարունակում են անձնական վիրավորանք:

6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խոսքով և գործով անվերապահորեն մերժում է ահաբեկման ցանկացած դրսևորում և պարտավորվում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ և անհատական գույքի նկատմամբ:

7. Դիրքը չչարաշահելը

7.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) չչարաշահել իր իշխանությունը քաղաքական նպատակներով,

բ) չօգտագործել ի պաշտոնե իր տրամադրության տակ առկա հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրենքով նախատեսված դեպքերից):

8. Քաղաքական կոռուպցիայի անթույլատրելիությունը

8.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է զերծ մնալ հետևյալ գործողությունները իրականացնելուց`

ա) որևէ մեկին պարտադրել հրաժարվել կամ չհրաժարվել թեկնածությունից,

բ) որևէ եղանակով պարտադրել մարդկանց քվեարկելու որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին կամ դեմ կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից:

 

9. Քաղաքական շփումներ

 

9.1. Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ հարգանքի ու տարակարծությունը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ և երկխոսություն իրականացնելու համար:

9.2. Սույն կանոների պահպանման վերաբերյալ հնարավոր տարաձայնությունների դեպքում ընտրական գործընթացի մասնակիցները ջանք կգործադրեն լուծելու այդ տարաձայնությունները քաղաքական շփումների միջոցով` նախքան իրավական գործընթաց սկսելը կամ հանրությանը ներգրավվելը:

 

10. Ընտրական օրենսդրության խախտումների արձանագրում, բողոքարկում և ընտրությունների արդյունքների ճանաչում

 

10.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է արձանագրել ընտրական օրենսդրության խախտումները և հավաքել դրանց վերաբերյալ ստուգման ենթակա ապացույցները:

10.2. Ընտրական վեճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ բողոքները ներկայացնել օրենքով նախատեսված մարմիններին` կցելով հավաքված ապացույցները,  և հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը: Ընտրական գործընթացի մասնակիցը չպետք է չարաշահի խախտումների վերաբերյալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ:

10.3. Ընտրական օրենսդրության պահանջները պահպանվելու դեպքում ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են ընդունվել վերապահումներով այն դեպքերում, երբ արձանագրվել են սույն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցություն չեն թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

10.4. Եթե ընտրական գործընթացի մասնակցի կարծիքով ընտրական օրենսդրության պահանջները կոպտորեն խախտվել են, ապա նա կարող է վիճարկել ընտրությունների արդյունքերը և հայտնել իր անհամաձայնությունը օգտագործելով միայն օրինական միջոցներ:

11. Հասարակական շարժումներ ու հասարակական կազմակերպություններ

 

11.1. Սույն կանոններին բացի ընտրական գործընթացի մասնակիցներից կարող են միանալ նաև ընտրական գործընթացին առնչվող հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպությունները: