Նախորդ գիշեր Լենինսկի շրջանի Մոսկովսկի քաղաքում մի քանի տասնյակ քաղաքացիներ շրջափակել են տեղի ոստիկանական բաժինը, որտեղ ձերբակալված էին դրանից մի քանի ժամ առաջ խուլիգանության համար բաժին բերված մի քանի հայեր: Որոշ տվյալների համաձայն, կոնֆլիկտի պատճառ է դարձել դրանից որոշ ժամանակ առաջ տեղի սրճարաններից մեկում ոստիկանության աշխատակիցների կողմից հրահրված ծեծկռտուքը:
Քաղաքի «Դարյա» սրճարանի աշխատակիցները պնդում են, որ ապրիլի 21-ին այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել: ՆԳՆ ներկայացուցիչների և սրճարանի աշխատակիցների միջև կոնֆլիկտ է ծագել, այնուհետև ընդհարում է եղել, որի արդյունքում հղի կին է տուժել, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հաջորդ օրը սրճարանի վրա հարձակում է իրագործվել` մի քանի մարդիկ քաղաքացիական հագուստով կոտրել են սրճարանի ցուցափեղկերը: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն «Դարյա»-ի սեփականատերերը, հավանաբար, որոշել են վրեժ լուծել: Սրճարանի շուրջ մոտ տասնյակ մահակներով զինված մարդիկ են հայտնվել, նրանք, սակայն, որևէ բան չեն հասցրել ձեռնարկել:
«Կիրակի, մինչ կեսգիշեր, ականատեսները հաղորդել են ոստիկանությանը, որ փողոցում մի խումբ կովկասյան արտաքինով տղամարդիկ են կանգնած` մահակներով և բեյսբոլի զարկիչներով: Նրանք ինչ-որ բան են պարզում և ակտիվորեն հայհոյում են»,-«Ինտերֆաքսին» հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Ոստիկանությունն անմիջապես միջադեպի վայր է ժամանել և մոտ 8 հոգուց բաղկացած խումբ է հայտնաբերել: Ոստիկանները մոտեցել են տղամարդկանց, պահանջել դադարեցնել հայհոյանքները և ներկայացնել փաստաթղթերը: «Ի պատասխան, անհայտ անձինք սկսել են ագրեսիվ պահել իրենց, հրաժարվել են իրավապահների պահնաջները կատարել և փորձել են փախուստի դիմել»,-նշել է աղբյուրը:
Ոստիկանները ձերբակալել և ոստիկանական բաժանմունք են բերել երեք հայի, որոնք Մոսկվայի և Կուրսկի շրջանի գրանցում ունեն: Սակայն սրանով իրադարձությունները չեն ավարտվել: Մոտ 02:00-ին ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են ձերբակալվածների հարազատներն ու ընկերները` մոտ 50 մարդ: «Ոստիկանության`ցրվելու մասին մի քանի անգամ հնչած պահանջներից հետո, տվյալ քաղաքացիները լքել են բաժնի հարևանությամբ գտնվող տարածքը»:
Ձերբակալվածները, սակայն, այս ողջ պատմության վերաբերյալ բոլորովին այլ տեղեկություններ են հաղորդել: Մասնավորապես, Արսեն Գասպարյանի հայտարարության համաձայն, ոստիկանները հարձակվել են իր և իր ընկերների վրա բացարձակապես առանց որևէ պատճառի, դաժանաբար ծեծել են իրենց` կոտրելով մեկի մեջքը:
Տուժածի խոսքով` ոստիկանությունը ոչ թե երեք հոգու է ձերբակալել, այլ 6. «Երեքին, չգիտես ինչու, բաց թողեցին: Սերժիկ Մելքոնյանը ամբողջությամբ արյան մեջ էր և չէր կարողանում քայլել, բայց շտապօգնություն նրա համար այդպես էլ չկանչեցին: Մեզ սպառնում էին, թե այսուհետ կյանքը ճաղերի միջով են տեսնելու»:
Գասպարյանը նշել է նաև, որ իրենց աջակցելու էին եկել ոչ թե 50, այլ 100 մարդ: