Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ մահվան մասին մտորումները օգտակար են առողջության համար: Ինչպես պարզել են Միսսուրի նահանգի համալսարանի հետազոտողները, մոտալուտ մահվան մասին գաղափարները մարդուն շատ ավելի հանդուրժող և կարեկցող են դարձնում: Նոր հետազոտությունները կհրապարակվեն «Անձը և սոցիալական հոգեբանությունը» առցանց պարբերականում:
Հետազոտության հեղինակ Քենեթ Վեյլի կարծիքով, մահվան մասին մտքերը շատ դրական ազդեցություն կարող են ունենալ անձի վրա: Հետազոտողների ուսումնասիրությունները հիմնված են փորձերի վրա, որոնք ապացուցում են, որ մահվան մասին մտածելիս մարդը վերանայում է իր արժեքային համակարգն ու կյանքի առաջնային խնդիրների վերաբերյալ պատկերացումները:
Ամերիկացի գիտնականների փորձերն իրականացվել են գերեզմանատանը և սովորական թաղամասում: Փորձի ընթացքում ամեն անգամ հայտնվում են երկու դերասաններ, որոնք սկզբում բարձր խոսում են փոխադարձ օգնության մասին, իսկ այնուհետև նրանցից մեկը գցում է նոութբուքը, իսկ գիտնականները այդ ընթացքում հաշվում են, թե քանի մարդ է նետվում օգնելու անծանոթին: Արդյունքում` գերեզմանատանը «կամավորների» թիվը աճել է 40%-ով:
Բացի դա, մահվան մասին գաղափարները ստիպում են մարդուն շատ ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ. անհատը սկսում է արևից պաշտպանող քսուքներ օգտագործել, ավելի քիչ ծխել և սպորտով զբաղվել:
Այսպիսով, մահվան մասին մտքերը միայն ընկճախտ չէ, որ առաջացնում են, դրանք ունակ են օգնել բարելավել առողջությունը: