Կիրակի Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում հաղթել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդը: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին նրանից հետ է մնում 1,5%-ով: Օլանդն ու Սարկոզին արդեն երկուսով մայիսի 6-ին կմրցեն ընտրությունների երկրորդ փուլում:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով` բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում Օլանդը հավաքել է ձայների 28,6 %-ը. Սարկոզին` 27,1%-ը:
Սա Ֆրանսիայի պատմության մեջ գործող նախագահի աջակցության ամենացածր ցուցանիշն է: 1958 թվականին Հինգերորդ հանրապետության ստեղծումից հետո սա առաջին դեպքն է, երբ երկրի գործող նախագահը չի հաղթում ընտրությունների առաջին փուլում: Հիշեցնենք, որ Սարկոզին նախագահ է դարձել 2007 թվականին` առաջ անցնելով բոլոր 9 թեկնածուներից:
Օլանդին և Սարկոզիին այս փուլում հաջորդում է ուլտրաաջերի առաջնորդ Մարեն Լը Պենը, ում հաջողվել է ստանալ ֆրանսիացիների ձայների 18%-ը: Սա նույնպես լավագույն ցուցանիշն է ֆրանսիացի ուլտրաաջերի համար:
Ընտրություններին մասնակցությունը բարձր է եղել` 80%, իսկ նախընտրական քարոզարշավի հիմնական թեման տնտեսությունն էր:
Սահմանադրական խորհուրդը չորեքշաբթի կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները:
Ինչպես գրում է BBC-ն, առաջին փուլը ցույց տվեց, որ ֆրանսիացիները դժգոհ են և մտահոգ ներկա իրավիճակով: Նրանք իրենց անվտանգության մեջ չեն զգում:
Առաջին փուլը նաև ցույց տվեց, որ Եվրամիության տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդում գործող ղեկավարների վարկանիշի վրա: