«Ժառանգություն» խմբակցության Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս սոցիոլոգիական հարցումների արդյունքները չխառնել ընտրությունների վերջնական արդյունքների հետ: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Ես ոչ հավատում եմ սոցիոլոգիական շատ ցածր, ոչ էլ շատ բարձր նախնական գնահատականներին: Ես գիտեմ, որ ինչպես ձեզանից ոմանք` ոչ բոլորը, այնպես էլ սոցիոլոգիական հարցումներ կատարողներից շատերը ուղղակի ներկայացնում են այս կամ այն քաղաքական նախընտրությունը, որը բնական է: Հաշվի առնելով այդ ամենը, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր առայժմ համաձայն չեն մեր կանխատեսումների հետ, միգուցե մայիսի 6-7-ին փոխեն իրենց տեսակետը», – նշել է նա:
Հովհաննիսյանն անդրադարձել է վերջերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում Անահիտ Բախշյանի հնչեցրած այն տեսակետին, թե իրենց կուսակցությունը թթու խոսք չի ասում ՀՀԿ-ի հասցեին, որովհետև ՀՀԿ-ն չի ասում, որ «Ժառանգությունը» կեղծ ընդդիմություն է:
«Մեր կուսակցությունը քննադատություն է ուղղում է թե’ իշխող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, թե ամբողջ կոալիցիային՝ մեր թիրախը Հանրապետականն է», – ասել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, թե ինքը հանդիպել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: