«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին իրենց ծրագրերում ընդգրկել ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր, հրապարակել բանակի բարեփոխման իրենց ծրագրերը և ներկայացնել հանրության դատին:
Այսօր տարածած հայտարարության մեջ նախաձեռնությունը նշում է, որ ակնկալում է խորհրդարանական մանդատների հավակնորդ քաղաքական ուժերի առաջարկությունները, մասնավորապես, հետևյալ խնդիրների առնչությամբ.
«Ինչպիսի սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` զորակոչային, պայմանագրային, միլիցիոնային-աշխարհազորային կամ խառը.
· ինչպե՞ս պետք է կազմակերպվի միլիցիոնային-աշխարհազորային համալրման համակարգը (եթե նման համակարգ ներդրվի):
· ինչպիսի՞ն պետք է լինի կադրերի կրթության, ընտրազատման և առաջխաղացման համակարգը:
· ինչպիսի՞ն պետք է լինի պահեստազորի համակարգը (կազմակերպաիրավական սկզբունքներ, կառուցվածք): Ի՞նչ սկզբունքներով պետք է կազմակերպվի ակտիվ պահեստազորը:
– Ինչպիսի՞ կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը.
· ինչպիսի՞ն պետք է լինի Զինված ուժերի կառավարման համակարգը (կառավարման հիմնական մարմիններ, դրանց ենթակարգությունը և լիազորագործառութային հարաբերակցությունը հատկապես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ միջև), մասնավորապես` ինչպես պետք է լուծվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարման մարմին լինելու, զորատեսակների հրամանատարություններն առանձնացնելու և կառավարման կենտրոնական մարմին ստեղծելու, պատերազմի ժամանակ նշանակվող Գլխավոր հրամանատարի լիազորություններն ու գործառույթները սահմանելու, պաշտպանության նախարարին Զինված ուժերի կառավարման համակարգից հանելու հարցերը:
· ի՞նչ հիմնական սկզբունքերով պետք է կազմակերպվի զինվորական ծառայությունը:
– Ի՞նչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար.
· խախտված իրավունքների բողոքարկման ինչպիսի՟ մեխանիզմ և լծակներ պետք է ներդրվեն խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու համար:
– Ինչպիսի՞ն պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը (կզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):
– Ինչպիսի՞ն պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման, հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության ապահովման տեսակետից (սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):
– Որո՞նք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները:
– Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը, Զինվորական դատախազությունը»:
Նախաձեռնությունը խնդրում է քաղաքական ուժերին անդրադառնալ նշված հարցերին հրապարակային ելույթներում, իսկ կուսակցության պաշտոնական պատասխանն ու դիրքորոշումն ուղարկել «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությանը: