Home / Հայաստան / «Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն…». Փաշինյանը հրապարակել է բաժանվող նամակի տեքստը

«Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն…». Փաշինյանը հրապարակել է բաժանվող նամակի տեքստը

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր իր կայքում հրապարակել է այն նամակի տեքստը, որն իր անունից բաժանվում է ընտրատարածքում յուրաքանչյուր ընտանիքին: Փաշինյանը նշում է, որ յուրաքանչյուր ընտանիքին հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ` ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե և հասցեատեր:

Նամակի ամբողջական տեքստը.

«Իմ անունը Նիկոլ Փաշինյան է: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երևանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրող եք Դուք: Իմ անունն առկա է նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում:

Գիտեմ` հոգնել եք, երբեմն` զզվել պատգամավորի զանազան թեկնածուներից, որ գալիս են ու գնում, իսկ Դուք մնում եք Ձեր հոգսերի ու խնդիրների հետ: Եվ չնայած սրան, ուզում եմ լինել Ձեր պատգամավորը: Ոչ թե «դեպուտատ» եմ ուզում դառնալ, այլ ուզում եմ լինել Ձեր պատգամավորը, որովհետև պատգամավոր` նշանակում է լինել ընտրատարածքի մարդկանց հավաքական կամքի, ցանկությունների, երազանքների կրողը, պայքարել նրանց պրոբլեմների լուծման համար:

Չեմ խոստանում ասֆալտ փռել, որովհետև դա պատգամավորի գործ չէ: Խոստանում եմ պարտադրել քաղաքապետարանին, որ անեն ավելի շատ ասֆալտ, քան անում են ընտրությունից ընտրություն: «Օգնություն» չեմ բաժանում. դա պատգամավորի գործ չէ: Բայց խոստանում եմ հետևողական լինել, որ «բարեգործները» վճարեն օրենքով սահմանված հարկերը, և այն, ինչ Ձեզ առաջարկվում է որպես «լավություն», ստանաք որպես վաստակած հասանելիք` թոշակի, նպաստի, աշխատավարձի, ձեւով: Պրոթեզ, կամ ակնոցներ չեմ բաժանում, վիրահատության չեմ տանում, բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ պետպատվերով հասանելիք արժանապատիվ բուժսպասարկումից օգտվեք առանց ծանոթի: Իմ խնդիրն է դառնալ Ձեր «ծանոթն» ու բարեկամը կառավարության, թաղապետարանի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ Ձեր օրինական հարաբերություններում:

Չեմ ասում, թե ընտրատարածքը դրախտ եմ դարձնելու: Սխալ չհասկանաք: Մի բանում վստահ եղեք. իմ ընտրության դեպքում Ձեզ հետ հաշվի են նստելու. երաշխավորում եմ: Ձեզ լսելու են, Ձեր ասածները ականջի ետեւ չեն գցելու, ու մենք իրար հետ լինելու ենք դուխով եւ ուժեղ:

Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ` նորոգվելու է Հայաստանի հավատը: Հիմա մի որոշեք ոչինչ. մինչեւ մայիսի 6-ը ժամանակ կա: Ու եթե մտքներովդ անցավ ինձ դարձնել պատգամավոր, ոչ ոքի մի ասեք այդ մասին: Դա թող լինի մեր գաղտնիքը: Ժպտացեք խորհրդավոր: Եկեք անակնկալ մատուցենք Հայաստանին:

Ձեր` Նիկոլ Փաշինյան

Հայ ազգային կոնգրես

www.nikol.am

 

ՀԱՐԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԵՎ ԸՆԴԳԾԵԼ

ԱԺ պատգամավորը ուրիշ աշխատանք ունենալու իրավունք չունի: Նրա բանուգործը ԱԺ-ում օրենքներ ընդունելն ու ընտրողների հարցերի լուծմամբ զբաղվելն է: Երբ որեւէ պատգամավորի թեկնածու ասֆալտ է անում կամ փող բաժանում, ընտրողին զրկում է հետագա հինգ տարիներին իրենից բան պահանջելու բարոյական իրավունքից, որովհետեւ փող-ասֆալտով քվեարկողը գործարքի է գնացել, ձայնը տվել է` փողը ստացել: Այսինքն, այն ինչ պետք է ստանար ձայնի դիմաց, ստացավ-պրծավ: Վերջ:

Ձեր ձայնը ակնկալելով, ես փաստորեն պարտք եմ վերցնում Ձեզնից, պարտքով վերցնում եմ Ձեր ձայն-վստահությունը: Ու քանի որ հիմա չեմ վճարում դրա համար, պարտքը պիտի վերադարձնեմ առաջիկա հինգ տարվա ընթացքում, որ Ձեր վստահության քվեի տակից դուրս գամ: Ինչպե՞ս: Եթե Ձեր որևէ խնդրի լուծում կապված է օրենքի փոփոխության հետ, պիտի ԱԺ-ում փոփոխություն առաջարկեմ օրենքի մեջ: Եթե Ձեր որևէ խնդիր կապված է կառավարության գործունեության հետ, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրերին Ձեր հարցը պիտի բարձրացնեմ, օր ու արեւ չտամ կառավարությանը, մինչեւ այդ հարցը չլուծվի:

Եթե Ձեր հարցը կապված է թաղապետարանի, ոստիկանության, հարկայինի, բանակի հետ, որպես Ձեր ներկայացուցիչ պետք է գնամ հարկային, ոստիկանություն, թաղապետարան, կադաստր, զինկոմիսարիատ, զորամաս: Ու սա, ուշադրություն, պիտի անեմ, որովհետև դա իմ աշխատանքն է լինելու: Մեծամասնական ընտրակարգով ինձ պատգամավոր ընտրելով, Դուք ինձ աշխատանքի եք ընդունում Ձեր բակերում, Ձեր թաղերում: Ընտրվելու դեպքում, ես պիտի ընկնեմ Ձեր թաղերը, Ձեր պրոբլեմները հավաքեմ ու դրանց լուծման համար կռիվ տամ, որ Դուք գոհ մնաք իմ աշխատանքից եւ ինձ աշխատանքից չազատեք: Սա կարեւոր նրբություն է, խնդրում եմ մտածել այս մասին:

Հրատապ հարցեր – Այսօրվա դրությամբ հրատապ եմ համարում ԱՊՊԱ վճարի կրճատումը առնվազն 30 տոկոսով: Բնական գազի սակագնի աուդիտը` պարզելու համար, թե որքանով է այդ սակագինը ուռճացված: ԽՍՀՄ Խնայբանկերի ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտք եւ ողջամիտ վերադարձը` ոչ միայն անձամբ ավանդատուներին, այլեւ նրանց ժառանգներին, եթե ավանդատուն մահացել է (ԽՍՀՄ 5 ռուբլին` 1 դոլար փոխարժեքով): Փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացում, որոշ դեպքերում հարկերի զրոյացում: Մեծահարուստների նկատմամբ ճոխության հարկի ընդլայնված կիրառումը, եւ ստացված եկամուտների ծախսումը բացառապես սոցիալական նպատակներով (բուժսպասարկում, նպաստներ, թոշակներ, անվճար կրթություն):

 

Ի դեպ – Թիվ 7 ընտրատարածքի գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) ոչ մի անգամ Ազգային ժողովում ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի տվել կառավարությանը, ԱԺ-ում տեղի ունեցած 1991 քվեարկություններից բացակայել է 1464 անգամ (բացակայությունը 73.5 տոկոս), իր մասնակցությամբ հատուկենտ քվեարկությունների 99.9 տոկոսում «կողմ» է եղել: Դեռ պետք է պարզել` ի՞նքն է քվեարկել, թե իր փոխարեն են քվեարկել:

Տպագրված է Ն. Փաշինյանի նախընտրական շտաբում: Տպաքանակը` 1 օրինակ:

ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՍԵՐԺԱՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԿԼԱՆԻՆ»: