Չեմպիոնների Լիգայի Բարսելոնա-Չելսի 2-րդ կիսաեզրափակիչ հանդիպման 43-րդ րոպեին թվում էր, որ հակամարտության ելքն արդեն վճռված է: «Բարսան» հաղթում էր 2:0 հաշվով՝ շնորհիվ Սերխիո Բուսկետսի և Անդրես Ինյեստայի խփած գնդակների: Բացի դա, «Չելսին» մնացել էր 10 հոգով՝ թիմի ավագ Ջոն Թերիի հեռացման պատճառով: Սակայն առաջին խաղակեսի ավելացված րոպեներին Ֆրենկ Լեմպարդը հարվածի դուրս բերեց Ռամիրեսին, ով Վիկտոր Վալդեսի վրայով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Գեղեցիկ գոլը կտրուկ փոխեց հանդիպման տրամաբանությունը՝ 2-րդ խաղակեսում արդեն դաշտի տերերին էր հարկավոր գնդակ խփել:
«Բարսան» այդ գործին լծվեց երկրորդ կեսի հենց մեկնարկից: 49-րդ րոպեին կատալոնական ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Լեո Մեսսիի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասի հորիզոնական ձողից: Չիրացված 11-մետրանոցը մեծ հոգեբանական առավելություն տվեց «Չելսիին»: Անգլիական թիմի ֆուտբոլիստներն ամբողջ կազմով տեղակայվեցին սեփական տուգանային հրապարակում և սկսեցին անձնուրաց նետվել բոլոր հարվածների տակ: Փրկում էր դարպասապահ Պետր Չեխը, մեկ անգամ Մեսսիի հարվածից հետո հյուրերին օգնության հասավ դարպասաձողը, մեկ դեպքում մրցավարը չհաշվեց «Բարսայի» գոլը՝ մինչ այդ խաղից դուրս վիճակ արձանագրելով:
Իսկ ահա հանդիպման ավելացված 2-րդ րոպեին, Ֆերնանդո Տոռեսը կենտրոնում ստացավ գնդակը և, միայնակ անցնելով մոտ 35 մետր, շրջանցեց Վալդեսին ու գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:
2:2, «Չելսին» հրաշք գործեց, իսկ «Բարսան» մեկ շաբաթում զրկվեց և’ Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունից, և’ Չեմպիոնների Լիգայի գավաթից:
Ապրիլի 25-ին երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն «Ռեալն» ու «Բավարիան»: Առաջին խաղն ավարտվել է վերջինիս օգտին 2:1 հաշվով: