Այսօր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներին ներկայացրել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին: Մանուկ Մկրտչյանը հայտնել է, որ Գասպարյանը կզբաղեցնի պաշտոնը մինչև սահմանված կարգով կանցկացվի ռեկտորի ընտրության մրցույթ, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները:
Տեղեկացնենք, որ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման մասին ԿԳՆ որոշումից դժգոհ ուսանողները չեն դադարեցնում պայքարը հանուն Զոլյանի վերադարձի և այսօր կազմակերպվելու են լուռ հավաք համալսարանի բակում, ապա շարժվելու են դեպի Կրթության և գիտության նախարարություն:
«Այս պահից սկսած մեր կարգախոսը դառնում է «ՉԿԱ ԶՈԼՅԱՆ, ՉԿԱՆՔ ՄԵՆՔ», և այդ պահից մեր պայքարը տեղափոխվում է փողոց, այնքան ժամանակ, մինչև մենք չհասնենք մեր օրինական պահանջի կատարմանը»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես Epress.am-ին հայտնել է ուսանողներից Միքայելը, այսօրվա հավաքին Լեզվաբանական համալսարանի ուսանողներին սատարելու են նաև այլ բուհերի ուսանողներ: