Նախընտրական քարոզարշավի նախորդ շաբաթվա ընթացքում փորձեր են եղել ձևավորել քաղաքակիրթ բանավեճ անցկացնելու մշակույթ, և այդ փորձերը վիժեցվել են իշխանության կողմից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Բանավեճը հնարավորություն է տալիս բացահայտել կուսակցությունների ծրագրերի բովանդակությունը, պարզել` որքանով են արված հայտարարությունները պոպուլիստական: Իշխանական ներկայացուցիչները վիժեցրեցին ընդդիմության բոլոր փորձերը ձևավորել այդ մշակույթը»,- ասել է Էդգար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը բանավեճի առաջարկ էր արել նույն ընտրատատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Սամվել Ալեքսնյանին, իսկ 1 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը` ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին: Հետագայում Փաշինյանն արձագանքել է Հայրապետյանի ցանկությանը բանավիճել ՀԱԿ-ի ցուցակի առաջին տասնյակից յուրաքանչյուրի հետ, սակայն նախորդ երկուշաբթի ՀՀԿ-ականը հրաժարվել է ուղիղ եթերում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:
Էդգար Վարդանյանը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա շտաբի անդամների դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին` Մալաթիա-Սեբաստիայում:
«Այդ ամենի մեջ դիտավորությունը կասկած չի հարուցում: Նախ նույն կանայք են ամեն անգամ հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա, և որևէ բացասական գնահատական իշխանական ուժերը չտվեցին դրան», – ասել է Էդգար Վարդանյանը:
Ընտրակեղծիքների դեմ պայքարող միասնական շտաբի գաղափարից «Ժառանգություն» կուսակցության հրաժարվելը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ժառանգությունը» չի կիսում շտաբի մյուս անդամներ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի տեսակետը, այն է` «աչք փակել խախտումների վրա, և միավորվել ՀՀԿ-ի ընտրակեղծիքները կանխելու դեմ»: