ԱԺ պատգամավոր, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, պատրաստվում է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին:
Թերթն իր այսօրվա համարում հիշեցրել է, որ ապրիլի 20-ին հրապարակել է, թե Երևանի թիվ 190 դպրոցում Սամվել Սլեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանն ընտրակաշառք են բաժանել: Այս հրապարակումը հիմք ընդունելով` ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դիմել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Ալեքսանյանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար:
Երեկ օրաթերթի խմբագրություն է զանգահարել պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը` հայտարարելով, որ պատրաստվում է «Ժողովրդին» դատի տալ:
«Ես ձեզ դատի եմ տալու, որ իմ մասին սուտ-սուտ բաներ եք գրել: Ինչի՞ եք գրել, թե ես կաշառք եմ բաժանել: Տենց բան չկա, հերքե’ք», – ասել է Ալեքսանյանը:
Թերթը նշում է, որ սպասում է Սամվել Ալեքսանյանի հայցին: