Թուրքիան մեղադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներ Նիկոլա Սարկոզիին և Ֆրանսուա Օլանդին «Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի սպանությունները» քաղաքական նպատակներով շահարկելու մեջ: Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկու թեկնածուներն էլ ընտրությունների երկորրդ փուլին ընդառաջ օգտագործում են 1915 թվականի դեպքերը հայ համայնքի աջակցությունը ստանալու նպատակով:
Թուրքիան ցավում է, որ պատմությունը քաղաքականացվում է` մի շարք նպատակների հասնելու համար:
Թուրքական կառավարությունը կոչ է արել ֆրանսիացի քաղաքական գործիչներին զսպվածություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ Թուրքիան Ֆրանսիայից հետ էր կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ընդունել էր Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Եվ թեև Ֆրանսիայի Սահմանադրական Խորհուրդը հակասահմանադրական համարեց օրինագիծը, Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
Ֆրանսիայում շուրջ 500 հազար հայեր են ապրում, որոնք պահանջում են փոխել Հայոց Ցեղասպանության կարգավիճակը` այն Հոլոքոստի (հրեաների ցեղասպանություն) հետ նույն հարթության վրա դնելով և քրեականացնելով դրա ժխտումը:
Ինչպես Սարկոզին, ով պարտվել է նախագահական ընտրությունների առաջին փուլում, այնպես Օլանդը հայ համայնքին խոստացել են Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրենք ընդունել: