Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել:
«Անշուշտ, այս բացասական երևույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, և ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ թեև գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը և պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարևորությունից ելնելով և օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ:
ՀՀ նախագահի համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանականերում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին և աջակցել հանցագործության բացահայտմանը:
Սարգսյանի խոսքով, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել ընտրակաշառքի դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից: