Սկեսրոջ և ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գևորգյանի (նկարում` աջից) գործով նախաքննությունն իրականացվել է ոչ օբյեկտիվ և բազմակողմանի, վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել են տուժողի իրավունքները: Այս մասին ասված է Ընդդեմ կականց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարության մեջ:
Համաձայն հայտարարության` Մարիամ Գևորգյանին` որպես տուժողի, չի տրամադրվել բավարար ժամանակ` քրեական գործով նախաքննության ավարտից հետո գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար: Բացի այդ, դատաբժշկական փորձաքննությունների ընթացքում ամբողջությամբ, լիարժեք չեն արձանագրվել նրա մարմնի տարբեր մասերին պատճառված և մինչ օրս առկատարաբնույթ մարմնական վնասվածքները: Կոալիցիան նշում է, որ Մարիամ Գևորգյանի նկատմամբ դեմքի անջնջելի այլանդակման մասով համալիր դատաբժշկական և դատագեղագիտական փորձաքննություն նշանակելումասին որոշումը քննիչի կողմից անհասկանալիորեն նշանակվել է միայն 2012 հունվարի 24-ին, քրեական գործի հարուցումից շուրջ 14 ամիս անց, այն պարագայում, երբ նման փորձաքննության ժամանակին անցկացնելու պայմաններում հնարավոր է, որ մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվեր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/:
Ընդդեմ կականց նկատմամբ բռնության կոալիցիան պահանջում է ցուցաբերել հետևողական մոտեցում այս գործով, ընդհուպ մինչև Մարիամ Գևորգյանի նկատմամբ հանցագործություն կատարած մյուս անձանց` Դավիթ Զիրոյանին և Լյուդվիկ Զիրոյանին քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելը:
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանը Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը 2005 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2010 թվականի հոկտեմբեր ամիսը ժամանակ առ ժամանակ նաև իր որդի Դավիթ Զիրոյանի հետ միասին առանձին դաժանությամբ դիտավորությամբ ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառել իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց` Մելինե Բայաթյանին և Մարիամ Գևորգյանին:
Քննիչի որոշմամբ` Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
Քննիչի մեկ այլ որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ և 118-րդ հոդվածով /ծեծ/, սակայն 18.09.2011թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ներկայումս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:
Համաձայն կազմված մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /առանձին դաժանությամբ խոշտանգում/ և 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/: