Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Վրաստանի խորհրդարանում ընդհարում է տեղի ունեցել ընդդիմադիր «Վրացական ժողով» կուսակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի և իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ազեր Սուլեյմանովի միջև:
Բագատուրիան հիշեցրել է, որ նախորդ տարի Վրաստանը աշխարհում առաջինն ու միակն էր, ով ճանաչեց Ռուսական կայսրության կողմից չերկեսների նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը: Նա նշել է, որ չերկեսների Ցեղասպանությունը ճանաչելը «հանցագործություն» էր, քանի որ դրանից հետո այլոք նույնպես դիմում են Վրաստանին Ցեղասպանությունների ճանաչման համար:
Ի պատասխան` ծագումով ադրբեջանցի Սուլեյմանովը իր գործընեկրոջը «Բագատուրյան» է անվանել և ասել է, որ վերջինս «իր քիթը ուրիշների գործերի մեջ չմտցնի»: Դրանից հետո նրանք սկսել են միմյանց վրա տարբեր իրեր նետել, իսկ այնուհետև ձեռքերն են գործի դրել:
Իրավիճակը փորձել են փրկել ինչպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ իշխանական մեծամասնությունը: 5 րոպեների ընթացքում չէր հաջողվում կարգավորել իրավիճակը: Վերջիվերջո, խորհրդարանականները կարողացել են բաժանել Բագատուրիային և Սուլեյմանովին:
«Մեր հայ գործընկերը` Ջոնդի Բագատուրյանը, իր հայկական կարծիքին մնաց»,-հայտարարել է Սուլեյմանովը:
Պատգամավորը հետաքրքրվել է, թե «ի՞նչ Ցեղասպանության մասին է նա խոսում, երբ 1918 թվականի հայերը Ադրբեջանի տարբեր շրջաններում ավելի քան 60 հազար ադրբեջանցիների են վերացրել»: Արմենակ Բայանդուրյանը նույնպես ցանկացել է ելույթ ունենալ, սակայն խորհրդարանի նախագահ Դավիդ Բակրաձեն, չցանկանալով էլ ավելի լարել իրավիճակը, կոչ է արել պատգամավորներին զերծ մնալ այս թեմայի շուրջ ելույթներից:
Խորհրդարանի պատգամավորների միջև բախումը սկսվել է այն բանից հետո, երբ Ջոնդի Բագատուրիան հանցագործություն է անվանել չերկեսների Ցեղասպանության ճանաչումը և հայերի Ցեղասպանությունը ճանաչման առաջարկով է հանդես եկել:
Պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Բագատուրիայի վրա ինչ-որ իր է նետել և ցանկացել է բաժակը նետել, սակայն նրան խանգարել են ոստիկանները: Բագատուրիան, իր հերթին, իրը հետ է նետել Սուլեյմանովի վրա:
Ազեր Սուլեյմանովը խորհրդարական մեծամասնության նկատողությանն է արժանացել: Ինչպես միջադեպից հետո հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդների մեկը` Գեորգի Գաբաշվիլին, որքան էլ որ էմոցիոնալ չլինի ֆոնը, և որքան էլ նյարդային և սադրող չլինի խորհրդարանականը, անընդունելի է ընդդիմախոսին քննադատելիս հիշեցնել նրան իր ծագման մասին: Առավել ևս նման բան չպետք է անի երկրի իշխանությունների ներկայացուցիչը:
«Մեր գործընկերը գիտի այդ մասին: Մենք կխոսենք նրա հետ»,-նշել է Գաբաշվիլին: