Երեկ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննվել է ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր անձ Արամ Խաչատրյանի ներկայացրած դիմում-բողոքը:
Համաձայն դիմումի, նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 8-րդ կետերը:
Համաձայն հոդվածների, նրանք չսահմաված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր:
Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբը նշում է, որ նույնանման զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում:
Թիվ 12 ԸԸՀ-ն որոշել է բավարարել դիմում-բողոքը, և դիմել Երևանի քաղաքապետին՝ ուսումնասիրելու ընտրատարածքում չսահմանված վայրերում Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառները փակցված լինելու հանգամանքը և փակցված քարոզչական պաստառները հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել:
ԸԸՀ-ն նաև Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին եռօրյա ժամկետ է տվել՝ քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացնելու համար: