Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի կոնյակի գործարանի Բերդ քաղաքի մասնաճյուղ, որտեղ բացվել է գործարանի հնեցման արտադրամասը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացման կարևորությունը՝ Երևանի կոնյակի գործարանն ընդլայնում է իր արտադրական կարողությունները:
Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, Բերդի մասնաճյուղի գործարկումից հետո կավելանա նաև աշխատատեղերի թիվը:
ՀՀ նախագահին ներկայացվել է Բերդ քաղաքում կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը ևս: Դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:
Տավուշում երկրի ղեկավարը ծանոթացել է Վարագավանք վանքային համալիրի և դեպի համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրերին ևս:
Սերժ Սարգսյանն այսօր եղել է նաև Վազաշեն համայնքում, ծանոթացել գյուղում իրականացված ծրագրերին: Նշվել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի փլուզված հատվածը, ավարտվել են Վազաշենի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և համայնքի միջոցներով համայնքը գազաֆիկացվել է, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են ոռոգման ջրանցքների մաքրման և վերանորոգման աշխատանքներ: