Սիսիանի զորամասերից մեկում ծառայող զինվոր Սուրեն Կիրակոսյանը ապրիլի 5-ից հացադուլի մեջ է: Նա խնդրում է բուժստուգում անցկացնել և բուժել իրեն, սակայն այս պահանջին ուշադրություն չեն դարձնում: Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում Սուրեն Կիրակոսյանի մայր Զվարթ Կիրակոսյանը և նրա բողոքին միացած ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերը:
«Մեր երկրում զինվորը ոչ մի արժեք չունի: Մեր տղաների սպանողներին չեն պատժում, մենք չենք ուզում, որ այլ զինվորներ էլ մեռնեն: Հիվանդ երեխուն առանց զինբժշկի թույլտվության տարել են բանակ, հիմա էլ թողնում են 20 օր հացադուլի մեջ ու չեն բուժում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը` Նանա Մուրադյանը:
Զվարթ Կիրակոսյանը հուզվում էր, և դժավարանում էր զրուցել լրագրողների հետ, այդ իսկ պատճառով խնդիրը ներկայացնում էին ակցիայի մյուս մասնակիցները:
Բողոքող ծնողները Սուրենի հարցով դիմել են նաև ՀՀԿ նախընտրական շտաբ, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
«1,5 տարի առաջ Սերժ Սարգսյանը ճաղերի հետևից ասաց, թե մեր խնդիրը կլուծի: Ոչ մի փոփոխություն չկա: Հիմա էլ ասում է` հավատացեք, որ փոխենք: Հավատացինք, փոխվե՞ց: Խնդրում ենք, որ գոնե ընտրություններին ընդառաջ մի լավ բան անի, զինվորին բուժումը կազմակերպի»,- հույս է հայտնել զոհված զինվորի հորաքույրը` Սուսաննա Գալստյանը:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում նաև Ռիմա Սահակյանը, ում որդին` երեք այլ զինծառայողների հետ միասին, դատապարվել է 15 տարվա ազատազրկման զինվորի սպանության մեղադրանքով, իսկ մեղադրանքն ապացուցող փաստեր, Սահակյանի դիտարկմամբ, չկան:
Կինը պատմել է, որ առաջին ատյանի դատարանը արդարացրել է իր որդուն, որից հետո գործը քննվել է Վերաքննիչ դատարանում և վերադարձվել է առաջին ատյանի դատարան: Դրանից հետո որդուն դատապարտել են ազատազրկման:
Գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում: