Ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություննները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Դրանցում տարբեր ծավալային և բովանդակային տարբերություններով անդրադարձ է կատարվում նաև բանակի հիմնախնդիրներին: Կուսակցությունները տարբեր առաջնահերթություններ են տեսնում բանակում և տարբեր լուծումներ են առաջարկում:
ՀՀԿ-ն իր ծրագրում խոստանում է բանակի մարտունակության հետագա բարձրացում, սպառազինության համալրում, արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության բարձրացում, կրթական խնդիրները, վստահության ամրապնդումը։
ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում բանակին անդրադառնում է` նշելով, թե բանակի խնդիրների համար անհրաժեշտ է հետագայում մշակել ռազմական բարեփոխումների հայեցակարգ: ԲՀԿ-ն խոստանում է բարձրացնել զինծառայողների դրամական բավարարման մակարդակը: Կուսակցությունը գտնում է նաև, որ հայրենիքի պաշտպանի կերպարը պետք է ստեղծվի ոչ միայն մարտական պատրաստակամության բարձրացմամբ և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմամբ, այլև պայմանների ապահովմամբ:
ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ՀՅԴ-ն նախ կարևոր է համարում ռազմականհայրենասիրական դաստիարակություն տանելը, դպրոցներում ռազմական դասընթացի կազմակերպումը, համալսարաններում ռազմական ամբիոնների ստեղծումը:
«Բանակին հայեցակարգային փոփոխություններ են պետք, առաջինը` պայմանագրային ծառայության անցնել, ծառայած մարդկանց որոշակի արտոնություններ տրամադրել, պետությունը գոնե աշխատանքով պետք է ապահովի ծառայած տղաներին»,- ասել է Ռուզաննա Առաքելյանը:
«Ժառանգությունը» կարևորում է հայկական բանակի` կամավոր հիմունքներով համալրմանն անցնելը, ընդ որում` ոչ միայն տղաներով, այլև աղջիկներով:
«Բանակի հիմնախնդիրները պետք է մշտապես գտնվեն պետության, այդ թվում` օրենսդիր մարմնի աչալուրջ հոգածության ներքո: Անհրաժեշտ է մշակել ոչ կանոնադրական հարաբերությունների բացառման գործուն մեխանիզմներ: Խաղաղ պայմաններում բանակում զինծառայողների սպանության, մահվան կամ հաշմման ցանկացած դեպք պետք է լինի հասարակության և իշխանությունների ուշադրության կենտրոնում, որպես ազգային անվտանգությանը սպառնացող արատավոր նախադեպ: Մեղավորները պետք է բացահայտվեն եւ պատժվեն ամենայն խստությամբ, հանրային բաց դատավարություններով»,- ասված է «Ժառանգության» նախընտրական ծրագրում:
ՀԱԿ-ի ծրագիրը` կապված բանակի բարեփոխումների հետ, Epress.am-ին համառոտ ներկայացրել է Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա` նախ չպետք է լինի զինվորական դատախազություն, զինվորական ոստիկանություն, ԶՈՒ քննչական ծառայություն, քանի որ ՊՆ-ն քաղաքացիական կառույց է: Երեք տարվա ընթացքում պետք է անցում կատարվի պայմանագրային վճարովի ծառայության: Պարտադիր պետք է զորակոչվեն 18-20 տարեկան երիտասարդները` ստանալով միջին աշխատավարձ + 10%-ի չափով աշխատավարձ: Կամավոր ծառայության կարող են անցնել նաև կանայք: