Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցը, որում արձանագրվել են Լոռու մարզի թեկնածուների կողմից իրականացված մի շարք խախտումներ:
Մասնավորապես, իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է թեկնածուների և կուսակցությունների նախընտրական պաստառների օրենքով արգելված վայրերում փակցնելու դեպքեր` հասարակական սննդի, հասարակական առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում: Ըստ զեկույցի` դա բնորոշ է եղել, օրինակ, պատգամավորության թեկնածուներ, թիվ 29 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանին և թիվ 30 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ-ական Զոհրաբ Թորոսյանին:
Զեկույցում նշվում է, որ Համբարձումյանի նախընտրական պաստառը փակցված է Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր գյուղի անունը կրող ցուցանակի վրա, որը գրեթե ամբողջովին ծածկում է գյուղի անվանումը, ինչպես նաև նույն թեկնածուի մեկ այլ նախընտրական պաստառ փակցված է Սպիտակ քաղաքի մուտքի մոտ «Բարի գալուստ Սպիտակ «կամարի վրա»:
Արձանագրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության դրոշները հասարակական տրանսպորտի և Սպիտակ-Վանաձոր մայրուղու երկայնքով տեղակայված էլեկտրասյուների վրա ամրացնելու փաստեր:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հավաքված տեղեկությունների` ՀՀԿ շտաբի պետ է նշանակված Վանաձոր քաղաքի 7-րդ դպրոցի փոխտնօրենը:
Պատգամավորության թեկնածու Արկադի Համբարձումյանի ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ելույթներ են ունենում և թեկնածուին ընտրելու կոչ են անում դպրոցների տնօրենները և ուսուցիչները /օրինակ` թիվ 7, 30, 28 և 12 դպրոցների տնօրենները և ուսուցիչները/, իսկ հանդիպումների ժամանակ դպրոցի տնօրենների և ուսուցիչների կողմից հիմնականում ներկայացվում են թեկնածուի կողմից իրականացված բարեգործությունները:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին մասի համաձայն` արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Թեկնածուներից երկուսը խնդիրներ են ունեցել՝ կապված նախըտրական քարոզչական պաստառների հետ: Թիվ 30 ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառները պարբերաբար պատռվում են, որի կապակցությամբ թեկնածուն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ թիվ 29 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վահագն Մարտիրոսյանի` նրա 5 պաստառներից մեկը գողացել են Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր գյուղում: