Հնդկական Ռաջաստան գավառի 18-ամյա բնակչուհին կարողացել է չեղյալ հայտարարել իր ամուսնությունը, որի մասին իր ծնողները պայմանավորվել էին «ամուսնու» ընտանիքի հետ, երբ նա դեռ մեկ տարեկան էր, հայտնում է BBC-ն:
Լաքշմի Սարգարան ամուսնացել է Ռաքեշի հետ («ամուսինն այդ ժամանակ 3 տարեկան էր»), սակայն այդ մասին իմացել է միայն այս տարվա մարտին, երբ ամուսնու հարազատները եկել են, որպեսզի նրան իրենց տուն տանեն:
«Ինձ դուր չէր գալիս այդ ամուսնությունը: Ես ասացի այդ մասին ծնողներիս, բայց նրանք չհամաձայնեցին: Այդ ժամանակ ես օգնության դիմեցի»,-պատմել է Լակշմին:
Նա օգնություն է խնդրել հնդկական Sarathi Trust հասարակական կազմակերպությունից, որի օգնությամբ ամուսնությունը չեղյալ է հայտարարվել: Աղջիկը, ինչպես նաև նրա ամուսինը նոտարի ներկայությամբ ստորագրել են համապատասխան հայտարարությունը:
Սա մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ մանկության տարիներին ամուսնացած զույգը ցանկացել է չեղյալ հայտարարել պայմանավորվածությունը: Հույս ունենք, որ սա օրինակ կծառայի ուրիշների համար»,-ասել է Sarathi Trust-ի աշխատակիցը:
Մանկության տարիներին երեխայի փոխարեն ամուսնական պայմանագիր կնքելը հակասում է հնդկական օրենքներին, սակայն լայնորեն կիրառվում է երկրի տարբեր շրջաններում, մասնավորապես, գյուղական վայրերում: