Հայաստանն ունի մեկ ներքին թշնամի, և դա երկրում բուն դրած աղքատությունն է: Այս մասին այսօր Նոյեմբերյանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդ թշնամին բոլորինս է, ուստի դրա դեմ պետք է միավորել բոլորի ուժերը:
ՀՀԿ-ի համար, ըստ կուսակցության նախագահի, մարզում գործազրկության մակարդակի նշանակալի նվազեցումը, տնտեսական աճի արդյունքները բոլորի համար զգալի դարձնելը կարևորագույն խնդիրներից է:
Ինչպես հաղորդում է ՀՀԿ մամուլի գրասենյակը, Տավուշի մեկ այլ բնակավայրում՝ Իջևանում, ՀՀԿ նախագահը խոսել է քաղաքական սերնդափոխության մասին:
Նա նշել է, որ որևէ ոլորտում կադրերի տեղաշարժի, փոփոխությունների կամ, առհասարակ, սերնդափոխության մասին խոսելիս շատերը կարծում են, թե դա ընդամենը հասարակության կամ բնության մեջ գոյություն ունեցող օրինաչափություններով կարգավորվող գործընթաց է: Իր գլխավորած կուսակցությունը, Սերժ Սարգսյանի վստահեցմամբ, այս հարցում մերժում է խիստ քարացած և մեխանիկական մոտեցումները:
ՀՀԿ նախագահը նշել է, որ, հաշվի առնելով փոփոխությունների անհրաժեշտությունը, երկիրն արդիականացնելու և մրցունակ դարձնելու հրամայականը, սերնդափոխությունը պետք է ունենա բոլորովին նոր փիլիսոփայություն, որը պետք է խարսխված լինի մի շարք արժեքային բաղադրիչների վրա:
Հանրապետական կուսակցության նախագահը դրանցից առանձնացրել և ներկայացրել է որոշ կարևոր մոտեցումներ, ըստ որոնց մրցունակ կրթություն-որակյալ մասնագետ սկզբունքը պետք է գերակա դառնա պետական կառավարման համակարգի որևէ օղակում պաշտոնի նշանակման հարցում։ Դա նշանակում է, որ պետք է հնարավորինս բացառվի ավանսով կամ այսպես կոչված չարյաց փոքրագույնով որևէ մեկին պաշտոնի նշանակելու պրակտիկան։
Համաձայն Սերժ Սարգսյանի, հաջորդ մոտեցումը՝ տարեցտարի, ամսեամիս, օր առ օր բոլոր հնարավոր միջոցներով ու եղանակներով պետական կառավարման համակարգի գրավչությունն ու հեղինակությունը երիտասարդ մասնագետների համար բարձրացնելն է։ ՀՀԿ նախագահի հավաստմամբ, այդ գործընթացի սկիզբն արդեն դրվել է: Սա նշանակում է մի կողմից պաշտոնյաների աշխատավարձերի կամ դրանց հավասարեցված վճարների, տարաբնույթ հավելավճարների կտրուկ ավելացում և ծանրակշիռ սոցիալական փաթեթների ներդնում, իսկ մյուս կողմից նպատակաուղղված, անողոք և հետևողական պայքար պետական կառավարման համակարգում տեղ գտած արատավոր երևույթների և տիրապետող կարծրատիպերի դեմ։
Տվյալ դեպքում, ըստ Հանրապետական կուսակցության նախագահի, պետք է նկատի ունենալ և՛ կոռուպցիոն դրսևորումները` հովանավորչություն, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառք և այլն, և իհարկե խորհրդային իներցիայով մեզ հասած ժամավաճառություն, ցուցադրականություն կոչվող երևույթները՝ այդ ամենին ավելացնելով նաև մերօրյա հոռի բարքեր համարվող զոռբայությունն ու որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը:
ՀՀԿ-ն նաև կարևորում է պետական կառավարման համակարգ երիտասարդ կանանց մուտքը խրախուսելն է, նրանց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները լայնորեն օգտագործելը` լիազորելով տարբեր պատասխանատու կարգավիճակներում: Այդ ամենը մանրամասնորեն ներկայացնելով՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արդյունավետ կառավարումը Հայաստանում այլընտրանք չունի: