«Կներեք, որ ձեր հետ հանդիպմանը մուրաբա չենք բերել և հինգ հազար դրամ կաշառք չենք բերել, դրանք բերողները շատ կլինեն և ձեր պահեստները կլցվեն», – Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, դեռևս մինչ հանդիպումը Տեր-Պետրոսյանին մոտեցել է մի տղամարդ, ով չի ցանկացել ներկայանալ, և նշել է, որ ընդդիմության առաջնորդին ավելի շատ մարդ կգար դիմավորելու, բայց «վախենում են, որ կնեղեն»: Տղամարդը նշել է, որ ինքն անձամբ չի վախենում, խնդիրն այն է, որ «կարող են եղբոր ընտանիքին կպնեն»:
«Ըստ էության, մենք կանգնած ենք մեր երեխաների ապագայի առաջ:
Ես և իմ պայքարի ընկերները մեզանից կախվածը արել ենք, անցել ենք փորձությունների միջով, բանտեր ենք ընկել: Ձեզանից մեծ հերոսություն չի պահանջվում` քվեարկել ազատ և անկախ, քվեարկել այն քաղաքական ուժին, որին հավատում եք», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Իր ելույթի ընթացքում ընդդիմության առաջնորդը նշել է, որ եթե ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը բոլոր բյուջետային աշխատողներին բերել էր մարզում կայացած հանրահավաքի, ապա դա նշանակում է, որ նա իրական համակիրներ չունի:
«2008 թվականի փետրվարի 26-ին 200 հազար մարդ էր բերել Հանրպետության հրապարակ, կես ժամ հետո այդ մարդիկ եկան Ազատության հրապարակ, միացան մեզ: Ես չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասնակիցները գնացել են տուն ու անիծել են նրան: Իսկ այդ մարդիկ, որոնք այսօր վախեցել են ու այսօր չեն եկել այստեղ, նրանք հիմա ձեզ նախանձում են ու դարձյալ անիծում են Սերժ Սարգսյանին: Այսպիսի բան մեր պատմության մեջ չի եղել: Այս իշխանությունը, որի հիմնադիրը Ռոբերտ Քոչարյանն է, մարդասպանների իշխանություն է: 1921 թվականից սկսած Հայաստանի ոչ մի իշխանություն չի կրակել իր ժողորդի վրա», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ հոկտեմբերի 27-ի կամ մարտի 1-ի դեպքերը չեն կարող մոռացվել:
ՀԱԿ առաջնորդն ասել է, որ չի ցանկանում ոսկե սարեր խոստանալ:
«Սա գող-ավազակ իշխանությունների ոճն է: Որքան շատ խոստումներ են տալիս, այնքան շատ են գողանում ու հափշտակում ժողովրդից: Բայց մի բան ենք խոստանում, որ որքան գողացել են, վերադարձվելու է ժողովրդին ու մտնելու է բյուջե», – ասել է ՀԱկ առաջնորդը: